Հայտնի է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի թողարկման ամսաթիվը
Գործակալ Ջեյմս Բոնդի մասին նոր՝ 25-րդ ֆիլմն էկրաններ դուրս կգա 2019 թվականի նոյեմբերի 8-ին: Այս մասին հայտնում է Variety-ն՝ հղում անելով Metro-Goldwyn-Mayer և Eon Productions ընկերություններին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր ֆիլմը դեռևս անվանում չունի: Ջեյմս Բոնդի դերակատարի և ֆիլմի ռեժիսորի մասին տեղեկությունները նույնպես բացակայում են: Ֆիլմի սցենարիստներ կլինեն Նիլ Պերվիսը և Ռոբերտ Ուեյդը:
Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարը բրիտանացի գրող և լրագրող Յան Ֆլեմինգի վեպերի էկրանավորման սերիա է բրիտանական MI6 հետախուզական ծառայության մտացածին գործակալի մասին: Տարբեր էկրանավորումներում հանրահայտ գործակալին մարմնավորել են դերասաններ Շոն Քոներին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Տիմոտի Դալտոնը, Փիրս Բրոսնանը և Դենիել Քրեյգը:










