Մահացել է հաղորդավար, ասմունքող Վերա Հակոբյանը

09:58 • 25.07.17

Երեկ՝ հուլիսի 24-ին 89 տարեկանում մահացել է ասմունքող, հաղորդավար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանը:

Վերա Հակոբյանը 1946-1951 թթ. սովորել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում։ Ուսումնառության տարիներին մասնագիտական դասընթացներ է անցել բեմական խոսքի վարպետներ Հրաչուհի Ջինանյանի և Հայկուհի Գարագաշի մոտ։ 1951 թվականից աշխատանքի է անցել Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում։ Հաղորդավարական աշխատանքին զուգահեռ զբաղվել է ասմունքով։

1980-ականներին կատարել է սփյուռքահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանի բանաստեղծությունները։ 1972 թվականից Բելլա Դարբինյանի հետ Լիբանան մենահամերգի մեկնելուց հետո պարբերաբար համերգներով հանդես է եկել սփյուռքի հայաշատ համայնքներում՝ տարածելով հայ պոեզիայի շունչն ու բարձր արվեստը։ Հայաստանի ազգային ռադիոն, որի հետ կապված է եղել իր ամբողջ աշխատանքային գործունեությունը, նրա երկրորդ տունն է եղել։ Նրա անվան հետ է զուգահեռվում «Երևանն է խոսում» բառակապակցությունը:

Վերա Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 25-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Երևանի Այգեձոր 3 հասցեում, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 26-ին, ժամը 12:00-ից 13:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

 

Մահացել է հաղորդավար, ասմունքող Վերա Հակոբյանը