Երբ ցանկանում եմ լաց լինել, գնում եմ լոգասենյակ. Ջոլին պատմել է Բրեդ Փիթից բաժանվելուց հետո կյանքի ու հիվանդության մասին (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, համատեղությամբ նաև ռեժիսոր Անջելինա Ջոլին հարցազրույց է տվել հեղինակավոր Vanity Fair ամսագրին՝ պատմելով Բրեդ Փիթից բաժանվելուց հետո կյանքի ու երեխաների մասին:
Ջոլին պատմել է, որ այժմ ժամանակի մեծ մասը նվիրում է երեխաներին:
«Երբ ծնողներս բաժանվեցին, անհանգստանում էի մորս համար: Չեմ ուզում, որ երեխաներս նույնկերպ ինձ համար անհանգստանան: Նրանք պետք է իմանան, որ ամեն ինչ լավ է լինելու: Երբ ցանկանում եմ լաց լինել, գնում եմ լոգասենյակ, ու դա նրանց աչքի առաջ չեմ անում: Ես 6 երեխա ունեմ ու հպարտանում եմ նրանցից ամեն մեկով: Մենք հոգ ենք տանում մեկս մյուսի մասին»,-ասել է Ջոլին:

Հայտնի է, որ ամուսնալուծությունից հետո Ջոլին երեխաների հետ տեղափոխվել է Լոս Անջելեսի փակ թաղամասում գտնվող շքեղ առանձնատներից մեկը:
«Դա բարդ, բայց կարևոր քայլ էր, որն անհրաժեշտ էր վերքերն ապաքինելու համար: Երեխաներն իրենց շատ քաջ պահեցին»,-նշել է Ջոլին:

Խոսելով 9-ամյա դստեր՝ Նոքսի մասին, որը չի ընդունում իր սեռն ու իրեն տղա է համարում, աստղը նշել է, որ երեխան ամեն ինչի նկատմամբ ունի յուրահատուկ վերաբերմունք ու ամենևին էլ չի ցանկանում մյուսների պես «նորմալ» լինել:
Հարցազրույցի ժամանակ դերասանուհին խոսել է նաև հոր՝ Ջոն Վոյտի հետ բարդ հարաբերությունների մասին: Նա մանրամասնել է, որ նրանք երկար տարիներ չէին շփվում, սակայն Փիթի հետ ամուսնալուծությունից հետո հարաբերությունները կարգավորվել են:

«Երեխաներս զիլ պապիկի կարիք ունեն, որը կպատմի պատմություններ ու նրանց համար գրքեր կկարդա: Նա հենց այդպիսին է դարձել: Հայրիկս ինձ աջակցում է: Վերջերս մենք միասին հոգեվերլուծաբանի մոտ էինք գնացել»,- կիսվել է Ջոլին:
Դերասանուհին նաև անկեղծ հայտարարությամբ է հանդես եկել՝ պատմելով, որ անցած տարեվերջին իր մոտ Բելլի կաթված է ախտորոշվել: Դիմային նյարդերի վնասման պատճառով աստղը տևական ժամանակ չէր հայտնվում հանրության առաջ:



Հիշեցնենք, որ Ջոլին ու Փիթը, որոնք ունեն 3 համատեղ և 3 որդեգիր երեխա, ամուսնալուծության գործընթացը սկսել են 2016թ. սեպտեմբերին: Ավելի վաղ GQ ամսագրին տված հարցազրույցում Փիթը խոստովանել էր, որ բաժանման պատճառը եղել է իր՝ ալկոհոլից ունեցած կախվածությունը:










