Քաղաքապետարանին կոչ են անում որևէ ստեղծագործական նախաձեռնություն չանել. արվեստագետները՝ Օպերայի մոտ արջերի եռաչափ նկարի մասին

17:33 • 28.07.17

Ա. Սպենդիարյանին անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի բակում՝ ուղիղ շենքի դիմաց սթրիթ արթ ոճում արջերի եռաչափ նկարը համացանցում բուռն քննարկումների տեղիք է տվել. շատերը Երևանի քաղաքապետարանին մեղադրում են անճաշակության մեջ:

Ճարտարապետ Արսեն Կարապետյանն այս առնչությամբ  Tert.am –ի հետ զրույցում կրկնեց այն, ինչ ասել էր իր ֆեյսբուքյան գրառման մեջ. «Պետք է սահմանադրության մեջ գրանցել, որ Երեւանի քաղաքապետարանը այսուհետ իրավունք չունի որեւէ բան նախաձեռնի ու իրականացնի, ընդհանրապես, միայն թող աղբի հարցը լուծեն, գոհ կլինենք, համ էլ Տարոնը թող իրա տան բակը զարդարի իրա ճաշակով, քաղաք խի՞ ա իջել»:

Ճարտարապետը հավելեց, որ որքան էլ սա ընդունված լինի՝պետությունը չի կարող պատվիրել գրաֆիտի, դա հիմարություն է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Ազատության հրապարակում հայտնվեց  ջրակայուն և ջերմակայուն ներկերով պատկերված  ձորում զբոսնող արջերի պատկերը:

Գրող Վահրամ Մարտիրոսյանն էլ,  Tert.am –ի հետ զրույցում արջերով այս պատկերն առհասարակ մարդկության դեմ հանցագործություն համարեց: «Չի կարելի այդքան ողորմելի լինել ստեղծագործական առումով»,-ասաց նա:

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էլ, ով տեղում չէր տեսել պատկերը, համացանցով այն դիտելուց հետո, մեկնաբանեց. «Ես շատ բացասական եմ վերաբերում… արջերի իմաստը ո՞րն է, այո, աշխարհում կա նման պրակտիկա, բայց ինչ կապ ունեն արջերը Օպերայի բակում … կարող էր լինել այլ բան, որևէ նկար, Մոնա Լիզա օրինակ, բայց արջ…. Ես գոնե ինչ-որ Ռուսաստանի հետ կապված ասոցիացիա եմ ստանում»:

Tert.am-ն այս առնչությամբ զրուցեց նաև Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ:

Վերջինս նախ հայտնեց, որ իր համար ծիծաղելի է, որ հասարակությունն այս ամռան տապին օրուգիշեր քննարկում է «Օպերայի արջերին»:

«Պարզապես կոչ կանեի հետագայում նման նախաձեռնություններ իրականացնելուց առաջ հաշվի առնել պատկերի ու բովանդակության ինտեգրվածությունը շրջակա միջավայրին»,-ասաց նա:   

 

 

 

 

Քաղաքապետարանին կոչ են անում որևէ ստեղծագործական նախաձեռնություն չանել. արվեստագետները՝ Օպերայի մոտ արջերի եռաչափ նկարի մասին