Պատմական Բինգյոլում հայկական Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին պարբերաբար ենթարկվում է քուրդ գանձագողերի հարձակումներին

22:27 • 28.07.17

Ներկայի Թուրքիայի տարածքում գտնվող Բինգյոլ նագանգի Քիղը շրջանի Չանաքչը գյուղում դեռևս կանգուն մնացած Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին պարբերաբար ենթարկվում է տեղի քուրդ և զազա գանձագողերի հարձակումներին, այս մասին հայտնում է capakcurgazetesi.com.tr կայքը։

250 տարվա պատմություն ունեցող եկեղեցու նորոգման Չանաքչըի գյուղապետը հատուկ խնդրանքով դիմել է տեղական իշխանություններին դեռևս 2013թ.-ին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել, ինչի պատճառով որոշել է հարցը ևս մեկ անգամ բարձրացնել լրատվամիջոցների օգնությամբ։

Գյուղապետը նշում է, որ նորոգման չենթարկվելու կամ տարածքի գանձագողերի գործողությունները կանխող որևէ միջոցառում չձեռնարկելու դեպքում եկեղեցին կարող է վերջնականապես ավերվել։  

Ավելի վաղ Էրզրումում գործող Մշակութային և բնական արժեքների պահպանման տարածաշրջանային վարչությունը որոշում էր կայացրել հատուկ պահպանության տակ առնել եկեղեցին ու ստանձնել դրա վերակառուցումը, մինչդեռ նորոգման ծրագրերը այդպես էլ գործնական փուլ չեն մտել։

Նշենք, Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ մասով «Թուրքական կառավարությունը պարտավորվում է լիակատար պահպանության տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները»: Բնականաբար, «լիակատար պահպանությունը» ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չավերելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը։

Պատմական Բինգյոլում հայկական Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին պարբերաբար ենթարկվում է քուրդ գանձագողերի հարձակումներին