Գուրգեն Խանջյան, Հովիկ Չարխչյան, Արամ Պաչյան, Գրիգ. գրականագետը ներկայացրեց, թե ինչ է կարդում հայ ընթերցողը
Վեց–յոթ տարի առաջ, եթե մարդու ձեռքը չէր գնում ժամանակակից գրողի գիրք ձեռք բերել, մտածում էին ինչ պետք է գրի, ապա այսօր ունենք ժամանակակից գրողներ, ովքեր կարողացել են սպառել իրենց գրքերի առաջին տպաքանակը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։
Գրականագետը նշեց, որ հարցը, թե կա արդյոք ժամանակակից հայ գրականություն, վաղուց արդեն ավելորդ է: Ըստ նրա, գրադարանային տվյալներով այսօր հայ արդի գրողներից ամենաընթերցվողը Լևոն Խեչոյանն է, որը, ցավոք, մեզ հետ չէ:
«Սիրված արձակագիրներից են Գուրգեն Խանջյանը, Հովիկ Չարխչյանի գրքեր են շատ կարդում, Արամ Պաչյան, Գրիգը, Հրաչյա Սարիբեկյանը, նրանց գրքերը շատ են կարդում և դա արտացոլվում է վաճառքի ցուցանիշների վրա»,- ասաց նա և նշեց, իհարկե, տպագրվում են 500 օրինակով գրքեր, չնայած երբեմն ավելի մեծ տպաքանակով են հրատարակում։
«Օրինակ` Գրիգի «Հիսուսի կատուն» կսպառվի և երկրորդ հրատարակությունը կսկսվի: Գնահատում եմ մեր ձեռքբերումները և վստահ եմ, որ ապագայում ավելի շատ կաճեն թվերը»,-ասաց նա:
Գրականագետի խոսքով՝ ցավալի է, որ մարդիկ չեն գնում պոեզիա: «Սրա մեղքը, իհարկե, սոցիալական ցանցերն են և տարբեր կայքերը, տարածությունը պոեզիայի փոքր է, արագ դնում են, կարդում են, սիրում, տարածում, և արդյունքում շատ քիչ է վաճառվում»,-ասաց նա և նշեց, որ չնայած կան բանաստեղծներ, որոնք միջին 10-20-ից ավելի են վաճառում՝ հասցնելով 80-100 գրքի , ինչպես օրինակ՝ Հուսիկ Արայի գրքերը:
Գրականագետն ասաց, որ մեկ գիրք կա բանաստեղծական, որ դարձել է բեսթսելլեր, դա Արմեն Սարգսյանի՝ «Չկարդացած գրքերի փոխարեն» է: «Շուտով առաջին տպաքանակը կավարտվի, որը բացառիկ բան է նորագույն պոեզիայի պատմության մեջ, որ պոեզիայի քանակն ավարտվում է»,-ասաց նա:
Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ ամենից շատ կարդում են համաշխարհային գրականություն: «Եթե ժամանակակից գրականություն տարածելու կարիք կա, միջազգային գրականությունն արդեն գովազդված և արժևորված է ներկայանում ընթերցողին»,-ասաց նա:
Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով, իհարկե կան գրքեր, որոնց համար գովազդ պետք չէ։ Նա թվարկեց ամենից շատ վաճառվող գրքերը՝ Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը», Ջորջ Օրուելի «Անասնաֆերման», Ջեյն Օսթին՝ «Հպարտություն և Նախապաշարմունք»: «Զարմանալի էր, բայց պահանջարկված է բարդ վեպ համարվող Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպը: Շատ վաճառված գրքերի ցանկում է Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը», իսկ ամենավաճառածը՝ 6 ամսում 424 օրինակ՝ Պաուլո Կոելյոյի՝ «Ալքիմիսկոսն է»,- ասաց նա:
Գրականագետը նկատել է, երբ հասարակության մեջ հեղինակություն ունեցող մարդիկ, ովքեր իրենց հավանած գրքի մասին են խոսում, արագ սպառում է ունենում, տարածվում: Նա օրինակ բերեց այն, որ անցյալ տարի դերասան Սամվել Թադևոսյանը հարցազրույցի ժամանակ ասել էր թե կարդում է Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեպը: Գրականագետը խնդրել էր դերասանին թույլ տալ դա գովազդայի ձևով տեղադրել և, տվյալները խոսուն են եղել: «Եթե վեց ամսում վաճառվել էր 200-250 օրինակ, ընդամենը 15 օրում վաճառվեց 200 հատ, և ստիպված նոր տպաքանակ տպագրեցին և հետո ևս մեկ տպաքնակ»,-ասաց նա:
Խոսելով ժամանակից գրականության խնդիրներից, գրականագետը նշեց, որ առաջին խնդիրը Facebook-ն սոցցանցն է։ «Տալիս են չեփած, չմարսված նյութը, եթե նախկինում գրողը փուլեր էր անցնում, հրապարակ գալու համար, այսօր չկա դա, և դա խախտում է գրականության արժեհամակարգը: Բացի այդ, վերջին տարիներին թեմաների լճացում էր նկատվում, հիմա տեղն է գալիս: Մի սերունդ եկավ ուժեղ, հետո թուլացավ և հիմա նորից տեղն է ընկել»,-ասաց նա:










