Չինաստանում արտառոց դիզայնով «ապագայի գրախանութ» է բացվել (լուսանկարներ)
Չինաստանի Սուչժոու քաղաքում բացված նոր գրախանութի արտառոց ինտերիերին նայելիս թվում է, թե ապագան արդեն եկել է: Այստեղ կարելի է գտնել «Կայծոռիկների քարանձավ», անգամ՝ «Ծիածանային հովիտ», գրում է bigpicture.ru-ն:
Զարմանալի գրախանութի դիզայնի մշակմամբ զբաղվել է չինացի ճարտարապետ և դիզայներ Յու Տինի Wutopia Lab ընկերությունը:
Տարածքը բաժանված է չորս գոտու, որոնք ձևավորված են տարբեր ոճով:
«Բյուրեղապակյա պալատ» անվանումով նոր ստացված գրքերի սրահի պատերը պատրաստված են թափանցիկ ակրիլից: Դիզայնը մտածված է նոր գրքերին առավելագույն ուշադրություն հրավիրելու նպատակով:
Մյուս սրահը, որը կոչվում է «Կայծոռիկների քարանձավ», մութ թունել է՝ լուսարձակող օպտիկական մանրաթելերով: Այնտեղ ներկայացված են բեսթսելերները:
Այնուհետև խանութի այցելուները հայտնվում են «Ծիածանների հովիտ» ընթերցասրահում:
Մանկական գրքերի բաժինը հիշեցնում է հեքիաթային քաղաք: «Մանկական դղյակ» անունը կրող սրահն այնպես է նախագծված, որպեսզի երեխաները կարողանան ոչ միայն կարդալ, այլև շփվել միմյանց հետ:























