200 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար ազատազրկված մայորը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան
200 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար 1 տարվա ազատազրկման դատապարտված ՊՆ Գյումրիի զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ, մայոր Արտեմ Մարգարյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Քամալյանը:
«Մենք գտնում ենք, որ մի շարք քննչական գործողություններ կատարվել են դատաիրավական խախտումներով, սպասենք թող Վերաքննիչը գործը քննի, կտեսենք՝ ինչ կլինի, իմ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում»,-շեշտեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ նախաքննությամբ պարզվել էր, որ Արտեմ Մարգարյանը տարբեր պատճառաբանություններով ձգձգել էր Գյումրու քաղաքացիներից մեկի կորցրած զինվորական գրքույկի վերականգման գործընթացը, հետո այն իրականացնելու համար գումար էր պահանջել:
Ընդ որում ՝գումար տալու պահանջը ներկայացվել էր Գյումրիի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի արդեն նախկին պետ Տիգրան Միլիտոսյանի ներկայությամբ, ով համապատասխան միջոցներ չէր ձեռնարկել, ավելին՝ ինքը ևս քաղաքացուց խաբեությամբ գումարներ է ստացել՝ նոր անձնագիր տրամադրելու համար: Ոստիկանության բաժանմունքի պետի գործը դեռևս դատաքննության փուլում չէ:









