Վերջին 14 տարվա ընթացքում ՀՀ տարածքում նման ծավալի հրդեհներ չեն արձանագրվել. Դավիթ Տոնոյան

14:26 • 14.08.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է վերջին մի քանի օրերին ՀՀ տարածքում անտառային մեծածավալ հրդեհներին, առկա մարտահրավերին ու հրդեհաշիջման աշխատանքներում արձանագրված մարտահրավերներին ու խնդիրներին:

- Պարոն Տոնոյան, վերջին մի քանի օրերին հետևեցին երկու անտառային հրդեհներ. նման ծավալի հրդեհներ երբևէ եղե՞լ են Հայաստանում և եթե այո, ապա ե՞րբ: Նաև դեպքեր, երբ ԱԻՆ փրկարարներից բացի հրդեհամարման աշխատանքներին ներգրավված լինեն  նաև ոստիկանական զորքեր, ՊՆ տեխնիկա՝ ուղղաթիռներ:

- Վերջին 14 տարվա ընթացքում ՀՀ տարածքում նման ծավալի հրդեհ չի արձանագրվել: Ավելի փոքր ծավալի հրդեհներ եղել են, և մեզ բազմիցս օգնության են եկել թե՛ ՀՀ պաշտպանության նախարարության, և թե՛ ոստիկանության զորքերը՝ տրամադրելով և՛ տեխնիկա, և՛ անձնակազմ, սակայն ուղղաթիռ առաջին անգամ է կիրառվում հրդեհաշիջման աշխատանքներում:

- Կա՞ նախնական վերլուծություն, թե ո՞րն էր այս տարի հանրապետությունում նման հրդեհավտանգ իրավիճակի պատճառը, որովհետև ամռանը միշտ էլ շոգ է Հայաստանում:

- 2017թ. ամառն աչքի ընկավ ոչ միայն բարձր ջերմաստիճանով, այլև՝ տեղումների տևական բացակայությամբ: Հանրապետության տարածքում և, նույնիսկ, տարածաշրջանում, շուրջ մեկ ամիս է՝  ջերմաստիճանն առավոտյան ժամերին անցնում է 30 աստիճանը, իսկ առանձին շրջաններում գերազանցում 40-ը: Սա նպաստավոր գործոն է հրդեհային իրավիճակի կտրուկ վատացման համար:  Բոլոր դեպքերում. նման իրավիճակում մարդկային գործոնը նույնպես չենք կարող բացառել: Պատճառները կպարզեն իրավապահ մարմինները:

- Դուք երկու վայրերում էլ անձամբ եք կառավարել հրդեհամարման աշխատանքները: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ  խնդիրներ առաջացան, ի՞նչ մարտահրավերներ:

- Առաջնային խնդիրներից էին խիստ կտրատված տեղանքը և հրդեհի օջախներին մոտեցման ուղիների բացակայությունը: Եղած կածանները հնարավորություն չէին տալիս տեխնիկան մոտեցնել հրդեհի օջախներին: Առանձին դեպքերում հրշեջ տեխնիկան և անձնակազմը հրդեհի վայր են տեղափոխվել օդուժի օգնությամբ: Արգելոցի գրեթե ամբողջ տարածքում բացակայում էին բջջային և ինտերնետ կապը, կառավարման համար անհրաժեշտ գործընթացներն ապահովել ենք արբանյակային կապի միջոցով: Խիստ բացասական ազդեցություն էր ունենում նաև քամու առկայությունը, որը նպաստում էր կրակի արագ տարածմանը և արդեն մարված օջախներում հրդեհի կրկնակի բռնկմանը:

-Ներդնելո՞ւ եք միջոցներ անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ:

- Կանխարգելիչ միջոցներ, իհարկե, պետք է ձեռնարկվեն: Ինչպես գիտեք, դեռևս ամսվա սկզբում ՀՀ ԱԻ նախարարությունը պարբերաբար բարձրացրել է այդ խնդիրը, զգուշացրել հրդեհավտանգ իրավիճակի մասին և տվել հրահանգներ՝ դրա կանխարգելման վերաբերյալ: Ավելի հստակ այս մասին կարող ենք խոսել, երբ հրդեհը վերջնականապես կմարվի և կիրականացվի հրդեհի բռնկման պատճառների ուսումնասիրություն:

- ՀՀ ԱԻՆ և ԱՄՆ դեսպանատան համագործակցության շնորհիվ շարունակվում է մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների վերազինումը, նոր, բարձրորակ հանդերձանքի և գույքի հերթական խմբաքանակը Հայաստանին է տրամադրվել ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում՝ որպես նվիրատվություն: Նվիրաբերված հրդեհաշիջման նոր գույքը (հրակայուն և ջերմամեկուսիչ հանդերձանք, մարտական բաճկոն, փրկարարական ձեռնոցներ, պոմպեր, փողրակներ, հիդրավլիկ մկրատ, բադիկ և ամբարձիչ, լուսարձակ, օդի կոմպրեսոր և այլն): ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությանը սա պետք եղա՞վ և ի՞նչ արդյունք ապահովեց:

- Ինչ վերաբերում է փրկարարական տեխնիկային և պատրաստվածությանը, ապա առկա բոլոր հնարավոր միջոցները թե՛ մեր ունեցած, թե՛ այլ երկրների կողմից տրամադրված, բերված են բարձր պատրաստականության աստիճանի: Անհրաժեշտ քանակով տեխնիկան և անձնակազմն արդեն ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներում:

-Նաև Դուք դիմել էիք Ռուսաստանի Դաշնությունում Ձեր գործընկերոջը՝ ինքնաթիռ տրամադրելու ակնկալիքով, եղա՞վ արձագանք: 

- Արդեն խոսել եմ ՌԴ ԱԻ նախարարի հետ և շուտով մեզ օգնության կգա ՌԴ ԱԻՆ օդուժի ինքնաթիռը՝ երկնքից հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար: