«ԳԱԼԱ»-ն դադարեցնում է բոյկոտը. կմասնակցի Գյումրու ավագանու նիստերին՝ շարունակելով Սամվել Բալասանյանին ոչ լեգիտիմ քաղաքապետ համարել
Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը և սեպտեմբերից մասնակցելու է ավագանու նիստերին: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց խմբակցության անդամ Արմենուհի Վարդանյանը:
«Կար բոյկոտի հայտարարություն, որի տակ ստորագրել էր նաև «ԳԱԼԱ»-ն: Այնտեղ նշված էր, որ մինչ սահմանադրական դատարանի որոշումը չենք մասնակցելու նիստերին, բոյկոտելու ենք, սահմանադրական դատարանի որոշումն էլ, գիտեք, արդեն հրապարկված է: Քննարկումներից հետո կուսակցությունում որոշեցինք մասնակցել, նաև մեր ներսում կային կարծիքներ, որ պետք չէ մասնակցել, քանի որ 4 մանդատով էական փոփոխություններ չենք կարող կատարել, բայց, այնուամենայնիվ, որոշում կայացվեց մասնակցել և կարողացածի չափով մասնակից լինել ավագանու որոշումներերին »,-շեշտեց Արմենուհի Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում 2016 թ-ի հոկտեմբերին կայացած ավագանու ընտրություններից հետո ավագանի ընտրված ՀՎԿ, ԲՀԿ, «ԳԱԼԱ» խմբակցությունների անդամները բոյկոտել էին նիստերը, անհամաձայնություն հայտնել մանդատների բաշխման գործընթացին, որի արդյունքում «Բալասանյան» դաշինքից քաղաքապետ էր ընտրվել Սամվել Բալասանյանը: 3 ուժերը դիմել էին դատարան, այնուհետև սահմանադրական դատարան, սակայն հաջողության չէին հասել :
«Միանշանակ, վերահսկելու ենք ավագանու, քաղաքապետի գործողությունները: Պատահական չէ, որ «ԳԱԼԱ»-ն ֆինանսական փորձագետի աշխատանքի համար մրցույթ է հայտարարել, և նիստերին մասնակցելն ամենևին չի նշանակում, որ Սամվել Բալասանյանին ընդունում ենք որպես լեգիտիմ քաղաքապետ: Պարզապես 4500 գյումրեցի իր քվեն տվել է մեզ, և մենք կարողացածի չափով փորձելու ենք մեր խոստումները կյանքի կոչել»,- մանրամասնեց Արմենուհի Վարդանյանը:
Գյումրու ավագանու անդամը կարևորում է այն, որ ավագանու մյուս խմբակցությունները ևս կարևորեն քաղաքի շահը և գյումրեցու տված քվեն: Կարծում է՝ խոհեմության պարագայում հնարավոր կլինի համագործակցել: Քաղաքական 3 ուժերը՝ ՀՎԿ-ն, ԲՀԿ-ն ու «ԳԱԼԱ»-ն համագործակցության պարագայում կունենան միասին վերցրած 16 մանդատ, «Բալասանյան դաշինքը»՝ 17, վերահսկողությունն ավելի հեշտ կլինի և թիմային աշխատանքով կհասնեն Գյումրեցու համար արդյունավետ աշխատանքի:
Արմենուհի Վարդանյանը նաև ընդգծեց, որ «ԳԱԼԱ»-ի նիստերին մասնակցելու որոշման վրա չի ազդել ավագանու վերջին նիստում քաղաքապետ Սամվել Բալասանյանի հայտարարությունը, թե աշնանային նստաշրջանին նիստերը բոյկոտող ավագանու անդամներին անվստահություն հայտնելու գործընթաց կսկսեն:
«Հայկական վերածնունդը», որը նույնպես 4 մանդատ ունի, առաջիններից էր, որ դադարեցրեց բոյկոտը և մասնակցեց ավագանու վերջին նիստին:
Tert.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ քաղխորհրդում Գյումրու ավագանու նիստերին մասնակցելու հարցը չի քննարկվել: Երբ քննարկվի, հանրությունը որոշման մասին կտեղեկացվի:










