Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի

16:18 • 31.10.26

Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին ռուսների հարվածների հետևանքով շուրջ 300 հազար ընտանիք, որից 200 հազարը՝ Դնեպրոպետրովսկի, 80 հազարը՝ Կիևի մարզերում, մնացել է առանց էլեկտրականության, այսօր հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Գիշերը ռուսական զորքերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Խարկովում մասնավոր սեկտորի վրա: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, հինգ մարդ վիրավորվել է: Վնասվել է 10 մասնավոր տուն, ինչպես նաև տնտեսական շինություններ և ավտոմեքենա:

Կիևի մարզում անօդաչուների գիշերային գրոհի հետևանքով երկու մարդ է տուժել; Վնասվել են մասնավոր տուն և տնտեսական շինություն, հաղորդել է մարզային վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն:

Գիշերը Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ կենսական նշանակության ենթակառուցվածքին ռուսական անօդաչուների հասցրած հարվածի հետևանքով քաղաքի երեք շրջաններ և Դնեպր գետի աջ ափը մնացել են առանց ջրի: 

Սումիի շրջանում անօդաչուն հարվածել է բնակելի տան, նախնական տվյալներով՝ տուժել է մեկ մարդ: Վնասվել են նաև ոչ բնակելի շինություններ և տրանսպորտային միջոցներ, հրդեհներ են բռնկվել, հաղորդել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Դնեպրոպետրովսկի մարզում հարձակումների է ենթարկվել էներգետիկ ենթակառուցվածք: ДТЭК էներգետիկ ընկերության տվյալներով՝ լրջորեն վնասվել են էներգետիկ սարքավորումներ, առանց էլեկտրականության է մնացել Դնեպր և Կամենսկի քաղաքների զգալի մասը:

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հաղորդում են, որ գիշերվա ընթացքում երկիրը գրոհել են 134 ռուսական անօդաչու թռչող սարքեր, դրանցից 105-ը խոցվել են: