Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել երկու ճակատով պատերազմ մղելու. Նախիջևանից հարձակմամբ նա երկու խնդիր է լուծելու. Արա Պապյան (տեսանյութ)
Նախիջևանում ձևավորվել է առանձին բանակ, առանձին միավորում և կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել երկու ճակատով պատերազմ մղելու: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով վերջերս շատ քննարկվող Նախիջևանի՝ պատերազմական թատերաբեմ դառնալու թեմային: Ըստ նրա՝ Ադրբեջանը Նախիջևանի կողմից հարձակմամբ կարող է լուծել երկու խնդիր՝ խոչընդոտներ կառաջացնի Արցախի և Սյունիքի ուղղությամբ իրականացվող մատակարարումների հարցում՝ Երասխ-Վայոց Ձոր հատվածը փակելով, և երկրորդ՝ կշեղի ուշադրությունը հիմնական ուղղությունից: «Առաջին հերթին՝ մենք պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք՝ կա՛մ պետք է կանխարգելիչ հարված հասցնենք, կա՛մ լուրջ պաշտպանություն իրականացնենք: Իսկ Երասխ-Վայոց Ձոր ճանապարհն այնքան մոտ է, որ դա հնարավոր չի լինի առանց առաջ գնալու պաշտպանել»,- նշեց նա: Արա Պապյանի խոսքով՝ մեկ այլ խնդիր է նաև այն, որ Նախիջևանի սահմանից մինչև Երևան 44 կմ է, իսկ «Սմերչ» հրթիռները 70-90 կմ են խոցում:
- Քաղաքագիտական շրջանակներում խոսվում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Նախիջևանը կարող է Ադրբեջանի համար ռազմական գործողությունների նոր թատերաբեմ դառնալ: Իսկ արցախյան ճակատում միշտ հավանական է պատերազմի վտանգը: Որքանո՞վ եք հավանական համարում այս սցենարը, Նախիջևանից եկող վտանգ կա՞։
-Միանգամայն հավանական եմ համարում, որովհետև դեռևս տարիներ առաջ Նախիջևանում ձևավորվել է առանձին բանակ, առանձին միավորում և կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել երկու ճակատով պատերազմ մղելու: Իհարկե, չեմ կարծում, որ Նախիջևանի ճակատը կլինի նույնքան ընդգրկուն և մեծ, բայց խնդիրն այն է, որ խոչընդոտներ կառաջացնի Արցախի և Սյունիքի մատակարարման գործում: Երասխից դեպի Վայոց Ձոր հատվածն անցնում է Նախիջևանի սահմանի երկայնքով և շատ խոցելի է: Այս հատվածի գնդակոծության կամ հրետակոծության ժամանակ կա՛մ մենք ինքներս պետք է խորանանք Նախիջևան և լռեցնենք կրակակետերը, կա՛մ ստիպված ենք լինելու օգտագործել միայն մեկ ճանապարհ՝ հյուսիսից՝ Վարդենիսով գնացող ուղին: Եթե Նախիջևանի կողմից բախում լինի, Ադրբեջանը երկու խնդիր կլուծի: Առաջինը՝ կդժվարանա մատակարարումների հարցը, դա կլինի զորք, զինամթերք և այլն: Երկրորդ՝ շեղում է հիմնական՝ Արցախի ուղղությունից ուշադրությունը: Հաշվի առնելով այս ամենն ու Նախիջևանում կուտակված զորախմբի փաստը՝ Հայաստանը դրա դեմ պետք է մշտապես պահի որոշակի քանակի ուժեր:
- Նախիջևանին սահմանակից հայկական զորքերի մարտունակությունն ինչպիսի՞ն է։ Նաև հաշվի առնելով, որ մայրաքաղաք Երևանը Նախիջևանից շատ խոցելի է, ի՞նչ համակարգեր են մեզ պաշտպանում։
-Վստահաբար, մարտունակությունը զիջում է Արցախի ռազմաճակատում և ՀՀ հյուսիսում տեղակայված զորքերին, որովհետև նրանք անընդհատ ռազմական բախումների մեջ են և փորձ են ձեռք բերում: Այս կողմում շատ հազվադեպ են լինում նման իրավիճակներ, մեկ դեպք եղավ անցած տարի: Բնական է, որ փորձի պակասը պակաս մարտունակություն է ենթադրում: Ես չգիտեմ, և պետք էլ չէ խոսել, թե ինչ զորատեսակներ և զենքեր կան, բայց, վստահաբար, այդ ամբողջը զիջում է այն ամենին, ինչը տեղակայված է մյուս ուղղությամբ: Բայց այստեղ խնդիրն այն է, որ ամենախոցելին կապ չունի մարտունակության հետ: Այսինքն՝ Նախիջևանի սահմանից մինչև Երևան 44 կմ է: Սմերչները, որոնք 70-90 կմ են խոցում, հեշտությամբ Նախիջևանի խորքերից կարող են խոցել Երևանի որոշ հատվածներ: Սա ոչ այնքան ռազմական նպատակ է ունենալու, որքան խառնաշփոթ առաջացնելու, և դա, ցավոք, կառաջացնի այդ խառնաշփոթը:
-Իսկ Նախիջևանի սահմանին Հակաօդային պաշտպանության համակարգեր չկա՞ն:
-Հակաօդային պաշտպանությունը կարող է օդանավերի դեմ պայքարել, բայց ինչքան էլ խոսվի, որ Ս300 ունենք և այլն, եկեք ընդունենք, որ հրթիռների, մասնավորապես՝ Սմերչի դեմ այն չի կարող գործել: Իմիջիայլոց, պետք է նշեմ, որ վերջին շրջանում ադրբեջանական օդանավերը հենց Նախիջևանի սահմանի երկայնքով թռիչքներ են իրականացնում: Կարելի է ենթադրել, որ նրանք ուսումնամարզական թռիչքներ են անում, որը նպատակ ունի ինչ-որ ժամանակ կիրառվելու:
- Եթե Նախիջևանի կողմից նման վտանգ կա, որո՞նք պետք է լինեն Հայաստանի առաջնային քայլերը:
-Նախ՝ ասեմ, որ Հայաստանը 90-ականների սկզբին լուրջ սխալ թույլ տվեց: Շատերը գլուխ են գովում, որ մեզ հաջողվեց այնպես անել, որ երկրորդ ճակատը Նախիջանում չբացվի, բայց այդ ճակատը նույնքան մեզ համար էր երկրորդ ճակատ, որքան Ադրբեջանի: Եթե մենք այն ժամանակ երկաթգիծը վերցնեինք մեր վերահսկողության տակ՝ գոնե 10 կմ խորանալով Նախիջևանի կողմից, մենք առաջին հերթին Իրանի հետ կկարողանայինք կապվել: Հիմա ամեն ինչ կախում ունի իրավիճակի լրջությունից: Եթե հետախուզական տվյալները և այլ վերլուծությունները ցույց են տալիս, որ պատերազմը Նախիջևանի ճակատում դառնում է անխուսափելի, մենք պետք է կանխարգելիչ հարված հասցնենք: Այսինքն՝ մենք չպետք է թույլ տանք, որ նրանք այնտեղից հրթիռներ արձակեն: Առաջին հերթին՝ պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք և պետք է կա՛մ կանխարգելիչ հարված հասցնենք, կա՛մ լուրջ պաշտպանության իրականացնենք: Իսկ Երասխ-Վայոց Ձոր ճանապարհն այնքան մոտ է, որ դա հնարավոր չի լինի առանց առաջ գնալու պաշտպանել:
-Ադրբեջանը կարո՞ղ է ցանկացած պահի ինքնուրույն Նախիջևանից հրթիռներ ուղարկել Երևանի ուղղությամբ, թե՞ պետք է թույլտվություն ստանա տարածաշրջանի և համաշխարհային խոշոր խաղացողներից:
- Տեսականորեն նա նման թույլտվության կարիք չունի, այսինքն՝ անկախ երկիր է, կարող է անել, բայց նա պետք է դրա հետևանքները հաշվարկի: Եթե նա հարվածում է Երևանին, մեր ձեռքերը բացվում են, մենք էլ առնվազն կարող ենք հարվածել Գյանջային: Նախիջևանից ամեն մի հարձակում Հայաստանի վրա՝ դա հակադարձելու հնարավորություն է տալիս: Ես, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Նախիջևանից Երևանին կհարվածեն:
-Նախիջևանի՝ պատերազմի թատերաբեմ դառնալու թեման անգամ ներառված է եղել ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի գլխավորած պատվիրակության բրիֆինգում, որում մտահոգություն էր հայտնվում, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարող է ներքաշվել հակամարտության մեջ: Թուրքիայի՝ պատերազմի մեջ ներքաշվելը որքանո՞վ եք հավանական համարում:
-Թուրքիան ոչ բացահայտ ձևով, բայց թաքնված եղանակով, ուժի ցուցադրմամբ ինչ-որ մասնակցություն ունենա: Թուրքիան կարող է, օրինակ, հատուկ ջոկատայինների կամ սպայական փոքր խմբերով մասնակցել: Ի դեպ՝ տվյալներ կան, որ նման դեպքեր քառօրյայի ժամանակ էլ եղել են:
Մանրամասները՝ տեսանյութում:










