Անկախության հարցով հանրաքվե անցկացնելու դեպքում քրդերը կզգան «թուրքի աքացին». թուրք ազգայնական գործիչ

14:15 • 01.09.17

Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին սպառնացել է Իրաքյան Քուրդիստանին՝ հայտարարելով, որ անկախության հարցով հանրաքվե անցկացնելու դեպքում քրդերը կզգան «թուրքի աքացին», գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

«Բարզանին ճանաչում է անգլիացիներին, ամերիկացիներին, բայց թուրքին չի ճանաչում: Նա չգիտի, թե ինչ է թուրքական պետությունը: Մեր աքացին ստանալուց հետո կհասկանա ամենը, բայց արդեն ուշ կլինի», - հայտարարել է Բահչելին:

Ազգայնականների առաջնորդը հավելել է, որ «Իրաքյան Քուրդիստանի կազմի մեջ մտնող Քիրկուկն ամբողջովին թուրքական տարածք է և որ տեղի թուրքմեններն ու արաբները չեն ընդունի այդ հանրաքվեն»:

Նշենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:

Հանրաքվեի առիթով իրենց դժգոհությունն են հասցրել հայտնել Թուրքիան, Իրանը, ԱՄՆ-ն և պաշտոնական Բաղդադը: