Իրանի ԻՀՊԿ-ն սպառնացել է ամերիկացի զինվորականներին վերաբերվել ԻՊ-ի զինյալների պես ահաբեկչական կազմակերպություն ճանաչվելու դեպքում
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ զորքերի նկատմամբ կվարվի ինչպես ԻՊ-ի ահաբեկիչների դեմ, եթե Վաշինգտոնը սև ցուցակում ընդգրկի իր կառույցը, ինչպես նաև նշել է, որ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ուժերը կհայտնվեն վտանգի տակ, հայտնում է Press TV-ն:
Գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարիի հայտարարությունը հնչել է կիրակի այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է նոր պատժամիջոցներ հայտարարել Իրանի դեմ, այդ թվում՝ լրացուցիչ թիրախային պատժամիջոցներ և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ընդգրկումը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:
Ուրբաթ օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի Իրանի հրթիռային փորձարկումներին, «ահաբեկչության» աջակցությանը և կիբերգործողություններին ի պատասխան ԱՄՆ-ի նոր արձագանքի մասին:
«Ինչպես մենք հայտարարել ենք ավելի վաղ, պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի նոր օրենքի իրականացման դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի հեռացնել իր տարածաշրջանային բազաները իրանական հրթիռների 2000 կիլոմետր շառավղից»,- ասել է գլխավոր հրամանատարը:
Ջաֆարին հավելել է նաև, որ նոր պատժամիջոցները վերջ կդնեն Միացյալ Նահանգների հետ ապագա երկխոսության հնարավորություններին:
«Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին օրենքի կյանքի կոչումը հավասարազոր է իրանական միջուկային ծրագրի հարցով համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն»,- հայտարարել է Ալի Ջաֆարին:










