Բարձրագույն կրթությամբ երիտասարդները մեզ պետք են սպայի կարգավիճակով. անմտություն է նրանց օգտագործել շարքային կազմում. Վիգեն Սարգսյան
Օրենքի այս երկու նախագիծը 3 կարևոր խնդիր է լուծում: ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունված «Պաշտպանության մասին» և «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծերի մասին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսպիսի կարծիք է հայտնել «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում:
«Այս նախագծերը լուծում են Սահմանադրությունից բխող փոփոխությունների տեղայնացման խնդիր, որովհետև 2018թ. ապրիլից լիազորությունների բաշխման լուրջ վերանայում պետք է լինի` ՀՀ նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, կառավարություն՝ որպես կոլեկտիվ մարմին, անվտանգության խորհուրդ, գլխավոր շտաբ: Շատ կարևոր էր օր առաջ այդ կարգավորումները տեղայնացնել: Մեր հաշվարկով՝ 70 ենթաօրենսդրական ակտ է պահանջվելու այս օրենքները լիարժեք, մինչև ապրիլ ուժի մեջ դնելու համար: Հետևաբար՝ օրենքի նախագծի առաջադրման ժամկետը շատ կարևոր էր»,-պարզաբանել է պաշտպանության նախարարը:
Անդրադառնալով «Զինծառայողի կարգավիճակի մասին» 70 հոդված ունեցող օրենքի նախագծի մի մասին՝ տարկետման իրավունքին՝ նա ընդգծել է, որ այս փոփոխությունով չի վերանում տարկետման իրավունքը, այլ ձևափոխվում է:
«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի օրենքով սահմանված կարգով պետք է իր ներդրումը բերի երկրի պաշտպանության գործին: Այն մարդիկ, որ բանակ կգան բարձրագույն կրթությամբ՝ մեզ պետք են սպայի կարգավիճակով, որովհետև անմտություն է բարձրագույն կրթություն ունեցող մարդուն օգտագործել շարքային կազմում: Այս փոփոխություններով հնարավորություն ենք տալիս, որ ցանկացած քաղաքացի, քաղաքացիական լիարժեք մասնագիտություն ստանալուց բացի, կարողանա ծառայությունն անցնել որպես սպա՝ 3 տարով, որը նշանակում է վարձատրվող ծառայություն»,-ասաց նա։
Վիգեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ սպայի աշխատավարձը ՀՀ միջին աշխատավարձից զգալիորեն՝ 25-30 տոկոսով բարձր է, բուհն անմիջապես ավարտելուց հետո սպայի առաջին աշխատավարձը 260-270 հազար դրամ է:
ՊՆ-ն առաջարկում է նաև ուսման վարձի լիարժեք փոխհատուցում և՛ բակալավրիատում, և՛ այդ երեք տարվանից հետո մագիստրատուրայում՝ ՀՀ-ի և արտերկրի լավագույն բուհերում:
«Միևնույն ժամանակ, բակալավրիատուրայում ուսման տարիներին մենք տեսնելու ենք այն փայլուն երիտասարդներին, որոնք այդ ընթացքում գիտական ներուժ են դրսևորում, հատկապես այն գիտությունների մասով, որոնք պետք են ռազմական արդյունաբերության, ռազմական գիտության զարգացման համար: Նրանց համար առաջարկում ենք ծառայության մեկ այլ տեսակ, որի ընթացքում ծառայում են ՌԱՊԿ համակարգում՝ օգնելով ռազմական գիտությանը: Խոսքը միջազգային օլիմպիադաների հաղթողների, ոսկե մեդալակիրների ներուժի ճիշտ օգտագործման մասին է»,-նշել է նախարարը:
Նրա բնութագրմամբ՝ կառավարման կարևորագույն բաղադրիչներից մեկը մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարումն է: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ այսօր ունենք անարդար, չկայացած համակարգ, երբ կես միավորի տարբերությունը նույն լսարանում նստած երկու քաղաքացու համար տարբեր իրավական կարգավորումներ է ենթադրում: Նրանցից մեկը 18 տարեկանում ընդհատում է կրթությունը և գնում է ծառայության, մյուսը՝ կես միավորի ուժով սովորում է 4 տարի, դրանից անմիջապես հետո ընդունվում է մագիստրատուրա, հետո ասպիրանտուրա, բայց բացարձակ չի զբաղվում գիտությամբ, և այդ գիտական ներուժի պահպանման քողի տակ ո՛չ գիտությունն է զարգանում, ո՛չ էլ այդ մարդիկ պաշտպանության ոլորտում են իրենց ներդրումն ունենում:
«Մենք ունենք դեմոգրաֆիական որոշ հարցեր, բայց այս քաղաքականությունը դեմոգրաֆիական խնդիրը չի կոմպենսացնում, մենք 10 հոգի ավել կամ պակաս, 500 հոգի ավել զորակոչելու խնդիր լուծենք, մենք լուծում ենք կոնցեպտուալ հարց: Ես ԱԺ-ում էլ ասացի, որ եթե թվաքանակի հարց լուծելու լինեինք, առանց ԱԺ մտնելու կառավարությունում հաստատելիս կարող էինք տարկետման իրավունքով տարեկան քվոտաները ուղղակի կտրուկ նվազեցնել, որովհետև հաջորդ տարի 12-ամյա կրթության անցնելու պարագայում 12-որդ դասարանն ավարտողների թիվը կտրուկ տարբերվում է նախորդ և հաջորդող բոլոր տարիների մեր շրջանավարտների թվից: Այսինքն՝ մենք լեգիտիմ բոլոր հիմքերն ունեինք այս տարի 4 կամ 5 անգամ նվազեցնելու տարկետումով տեղերը»,-ասել է պաշտպանության նախարարը:
Նա փաստել է, որ ինքն արել է ճիշտ հակառակը՝ այս օրենսդրության ուժով, չնայած նվազող թվաքանակին, 100-ավոր երիտասարդների հնարավորություն են տալու անվճար որակյալ կրթություն ստանալ տարկետման իրավունքով, դրան զուգահեռ ստանալ սպայական մասնագիտություն, օգտակար լինել երկրին իրենց գիտելիքի կիրառմամբ, բազմազան դարձնել սպայական հրամանատարական կազմի մասնագիտական որակները։
«Մենք դրանով նաև շատ կարևոր խնդիր ենք լուծում սպայական մասնագիտություն ընտրած մարդկանց համար: Նրանք կիսում են մարտավարական օղակի բեռն այլ քաղաքացիների հետ, իսկ հետագայում շատ արագ կարողանում են աճել որպես սպա՝ լրացուցիչ կրթություն ստանալով, ծառայելով տարբեր զորամասերում և շատ ավելի մեծ արդյունավետությամբ ծառայելով երկրին՝ որպես ԶՈւ սպա»,-ասել է Վիգեն Սարգսյանը:










