2018թ-ին պետք է ստեղծվի Բարձրագույն դատական խորհուրդ, մինչդեռ բյուջեում որևէ տող չկա այդ մասին. Հրայր Թովմասյան

11:39 • 01.11.17

«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը: Ըստ նրա` եկող տարի պետք է ստեղծվի Բարձրագույն  դատական խորհուրդ, մինչդեռ բյուջեում որևէ տող չկա այդ մասին:

«Դա ենթադրում է առանձին աշխատակազմ ու աշխատողների աշխատավարձ, և արդյոք պե՞տք է ենթադրել, որ պահուստային ֆոնդից է արվելու, այսինքն՝ պլանավորված էլ չի»,-հարցրեց Թովմասյանը:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ այս պահին չի հիշում նախատեսվում է, թե ոչ, բայց կարող է ասել, որ եթե օրենսդրության պահանջ լիներ, վստահաբար նախատեսված կլիներ:

«Եթե այս պահին օրենսդրությունը նախատեսեր այսպիսի մարմին, կնախատեսեինք։ Օրինակ` հիմա էթիկայի հանձնաժողովի համար նախատեսել ենք հատկացումներ, մենք օրենսդրությամբ ենք առաջնորդվում»,-ասաց նա` հավելելով. «Իրավացի եք, եթե բյուջեի կատաման մասին պահանջ լինի, ապա այդ մարմնին կհատկացվի պահուստային ֆոնդից»:

Հրայր Թովմասյանը նկատեց, թե Սահմանադրությամբ է նախատեսվում, որ Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորվի: «Այն ձևավորվելու է Նախագահի լիազորությունների ավարտից մեկ ամիս առաջ և սկսելու է գործել Նախագահի լիազորություններից մեկ ամիս հետո, այսինքն՝ Սահմանադրությունն է այդ մարմինը նախատեսել»,-ասաց նա: