Կոալիցիա կազմելու փորձի ձախողումից հետո Մերկելից պահանջել են հրաժարական տալ
Ձախակողմյան ուժերը ներկայացնող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներ Ալեքսանդր Հաուլանդն ու Ալիսա Վայդելը կոչ են արել երկրի կանցլեր Անգելա Մերկելին հրաժարական տալ, քանի որ նրան չհաջողվեց կոալիցիա կազմել 4 կուսակցությունների միջև:
«Տիկին Մերկելը ձախողեց և եկել է ժամանակը, որպեսզի նա լքի կանցլերի պաշտոնը»,-Հաուլանդի խոսքը մեջբերում է gazeta.ru-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մերկելին չի հաջողվել կոալիցիա կազմել, քանի որ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) նոյեմբերի 19-ին դուրս է եկել բանակցային գործընթացից:
Կուսակցության առաջնորդ Կրիստիան Լինդները հայտարարել է, որ բանակցություններին մասնակցող կողմերը չէին վստահում միմյանց ու տարակարծիք էին մի շարք հարցերում, մասնավորապես՝ միգրացիայի ու էներգետիկայի թեմաների շուրջ:
«Ուստի՝ ավելի լավ է չկառավարել, քան թե վատ կառավարել»,- մեկնաբանել է Լինդները:
Հայտնի է, որ սեպտեմբերին կայացած դաշնային ընտրություններից հետո Մերկելը ցանկում էր այսպես կոչված «Ճամայկա» կոալիցիան ձևավորել Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության, Ազատ դեմոկրատական կուսակցության և «կանաչկների» միջև:
Մեկնաբանելով ձախողումը՝ Մերկելը ափսոսանք է հայտնել Ազատ դեմոկրատական կուսակցության դուրս գալու առնչությամբ՝ նկատելով, որ, այնուհանդերձ, կողմերին կհաջողվեր ընդհանուր հայտարարի գալ:
Նշվում է, որ այժմ կա երկու տարբերակ. կա՛մ կառավարությունը կկազմի փոքրամասնություն, ինչը Գերմանիայի պատմության մեջ աննախադեպ է, կա՛մ էլ նոր ընտրություններ կանցկացվեն:
Աղբյուրը հավելում է, որ Գերմանիայում կոալիցիոն բանակցությունների տապալման ֆոնին եվրոն անկում է արձանագրել:










