ՀՀ–ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, ՀՀ հանրությունը կողմնորոշված է դեպի ԵՄ. Սաքունցը և Սաֆարյանը հիմնավորումներ ներկայացրեցին
ԱԺ«ԵԼՔ» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հանրային լսումների ժամանակ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, թե ԵԱՏՄ-ում ՀՀ անմխիթար գոյությունը չի փաստում բազմակողմ ինտեգրացիայի մասին: Ըստ Սաֆարյանի՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը «և-և»–ի քաղաքականության իրականացում չէ:
Ստյոպա Սաֆարյանը նաև նկատեց, թե ԵԱՏՄ գրեթե ոչ մի խոստում կյանքի չի կոչվել, այդ թվում և արդյունաբերական բնագավառում տեղի ունեցած ներդրումների խոստումները, մասնավորապես՝ «Նաիրիտի» վերագործարկման համար նախատեսված 500 մլն դոլարի ներդրումները: «Փորձ է արվում այս ամենն արդարացնել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներով, բայց կարևոր է հասկանալ՝ արդյոք մենք ապագայում ունենալու ենք հույսեր, որ մեզ տված խոստումները կյանքի են կոչվելու, թե ոչ», - նշեց նա:
Ստյոպա Սաֆարյանը նաև անդրադարձավ գազի սակագնին՝ նշելով, որ Պուտինը Երևանում պաշտոնական այցով գտնվելու ժամանակ հայտարարեց, որ Երևանին արվել է գազային պայմանագրով սահմանված զիջումները, որի արդյունքում Հայաստանը «Գազպրոմին» վաճառեց «ՀայՌուսագազարդի» իր վերջին բաժնեմասը: «Մինչև այսօր ներկայացվում է, որ Հայաստանի սահմանին ՌԴ-ն ՀՀ-ին իր ներքին գներով է գազ վաճառում: Շարունակության մասին պիտի խոսեն ՀՀ կառավարությունն ու իշխանությունը և հաշվետվություն ներկայացնեն, թե ինչ մեծահոգության դիմաց է գազը գրեթե կրկնակի գնով այստեղ հասնում», - հավելեց նա:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ Հայաստանը պետք է դադարեցնի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որն աքսիոմա է: Ըստ նրա՝ ԵԱՏՄ անդամ երկրները կոռուպցիայի, տնտեսական անկման տեսակետից շատ վատ վիճակում են:
Արթուր Սաքունցը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ չի կարելի հակադրել ԵԱՏՄ-ն ու Եվրոպական միությունը: «Երկու աթոռների վրա միաժամանակ նստողների վիճակը, գիտենք, ինչ է լինելու վերջը: ՀՀ հանրությունը նախորդ տարիների ժամանակ, ըստ մեր հարցումների, կողմնորոշված է դեպի Եվրոպական միության սերտաճում: Լավ կլինի քաղաքական կամք ու խիզախություն ունենալ այդ որոշումն ընդունելու»,-ասաց նա:
Վերջում Արթուր Սաքունցը նշեց, որ սովորաբար շատ օլիգարխներ իրենց գումարը ներդնում են հենց Եվրամիության երկրներում, այսինքն՝ այնտեղ, որտեղ կա իրավական գործունեության կանխատեսելիություն:










