Զրոյականին մոտ գնաճը բացասական երևույթ է, խնդիրն այն է, որ պետք է մարդկանց եկամուտներն աճեն՝ գնաճին զուգահեռ. Ատոմ Մարգարյան
Գնաճը՝ որպես մակրոտնտեսական ցուցանիշ, Հայաստանում բարձր չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` անդրադառնալով թանկացումներին:
«Ցածր կամ զրոյականին մոտ գնաճը բացասական երևույթ է, խնդիրն այն է, որ պետք է մարդկանց եկամուտներն աճեն` առնվազն գնաճին համամասնորեն: Ահա սա է մեր հիմնական խնդիրը»,-ասաց նա և նկատեց, որ սոցիալապես անապահով խավերի համար այս տարի աշխատավարձերի, նպաստների, թոշակների բարձրացում չի եղել, և մյուս տարի ևս չի նախատեսվում:
«Այդ առումով որոշակի ռիսկեր կան: Այստեղ է, որ պետք է հարցերն ուղղել կառավարությանը, որ հաջորդ տարի եթե գնաճը ծրագրված ցուցանիշից բարձր լինի որոշակի վերաբաշխումների միջոցով թույլ չտա հատկապես խոցելի շերտերի կենսամակարդակի որակի անկում»,-ասաց նա:
Ատոմ Մարգարյանը ներկայացրեց պաշտոնական տվյալներ, ըստ որի` 2017 թմականի հունվար-նոյեմբերի 11 ամսվա տվյալներով գնաճը կազմել է ընդամեը 1,1 տոկոս, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում կազմել է 0,8 տոկոս: «Ներկայիս գնաճը տեղավորվում է այս տարվա սահմանված 4 տոկոսի շրջանակների մեջ»,-ասաց նա:
Ատոմ Մարգարյանը նշեց, որ հատկապես բարձրացել են սննդամթերքի գները և կազմել 4,3 տոկոս, իսկ ոչ պարենային մթերքների և ծառայություների առումով գնաճը եղել է մոտավորապես 0.5 տոկոսի չափով: Նա ասաց, որ ներկայումս այդքան բարձրաձայնվող թանկացումները վերաբերում են մի քանի ապրանքատեսակների` մսամթերքի, կարագի, ձվի շուկաներին:
«Այս պահին շատ մեծ գնաճային ճնշումներ, ինֆլյացիոն ռիսկեր չեմ տեսնում»,-ասաց նա և հնարավոր համարեց, որ Նոր տարվա շրջանում պահանջարկի աճին ընդհառաջ թանկացումներ լինեն, բայց ամեն դեպքում կարծում է, որ գնաճը նույնիսկ ավելի ցածր կլինի, քան ծրագրված այդ 4 տոկոսը:
Ատոմ Մարգարյանը նշեց, որ կառավարությունն իր ծրագրով առաջ է գնում և արտակարգ միջոցների դիմելու անհրաժեշտություն չկա, իսկ գնաճը զսպելու ֆունկցիան հասցեագրված է Կենտրոնական բանկին: «Կենտրոնական բանկն իրականացնում է շատ ճկուն, արդյունավետ դրամավարկային քաղաքականություն: Համենայնդեպս, Կենտրոնական բանկի ունեցած` գնաճի զսպման գործիքակազմի` հատկապես վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման քաղաքականության կիրառման անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում»,-ասաց նա:
Տնտեսագետն ասաց, որ մասնավորապես 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Եվրասիական տնտեսական միության մի շարք նոր կանոնակարգերով ակցիզային հարկի բարձրացման, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի, ՀՀ հարկային օրենսգրքի գործարկման արդյունքում որոշ ապրանքատեսակներ կթանկանան, սակայն էական ազդեցություն սպառողական զամբյուղի վրա դա չի ունենա և դրա ազդեցությունը գնաճի վրա չի կարող գերազանցել 1-1,5 տոկոսը: Նա նկատեց, որ 2018 թվականի համար ևս գնաճը սահմանված է 4 տոկոսի շրջակայքում:
Ըստ նրա՝ կարգավորման գործիքները պետք է կիրառել ողջամտորեն և շահերը բալանսավորել: «Սպառողական շուկայում չպետք է թույլ տալ, որ որոշակի ընկերություններ ունենան ներկրման մենաշնորհներ և գին թելադրեն»,-ասաց նա:
Խոսելով կարագի գնի 80 տոկոս բարձրացման մասին՝ նա նշեց, որ այդ հարցում կան կարգավորման որոշակի պահանջներ, որովհետև հնարավոր է այդ շուկայում գների չհիմնավորված թանկացումներ լինեն, թեև բերվող հիմնավորումները իրատեսական համարեց:









