ՀՀԿ-ին քվեարկելով՝ նման պատգամավոր ես ստանում. Է. Մարուքյանը՝ Հակոբ Հակոբյանի ու Խոսրով Հարությունյանի՝ աղքատների վերաբերյալ հայտարարությունների մասին (տեսանյութ)

12:41 • 11.12.17

Նման հայտարարություններ անելը որևէ կերպ չի կարող արդարացվել, նման աղքատության ցուցանիշ ունեցող երկրում նման պահվածքը, նման հայտարարությունները չեն կարող արդարացվել:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով աղքատության վերաբերյալ ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանի ու Խոսրով Հարությունյանի հայտարարություններին:

«Հետապնդել պատգամավորներին նման հայտարարություններ անելու համար՝ այդքան էլ տեղին չեմ գտնում, որովհետև դրանք այն պատգամավորներն են, որոնց ընտրել են ՀՀ քաղաքացիները՝ ՀՀԿ-ին ձայն տալով: Թող մարդիկ տեսնեն, թե ում են ձայն տալիս, նրանց դեմ պայքարի տարբերակն այն է, որ հաջորդ ընտրություններին այդ մարդիկ ձայն չհավաքեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ պատգամավորներն ասել էին, որ սննդի որոշ տեսակների թանկացումը չի ազդի աղքատ խավի վրա, քանզի նրանք այդ ապրանքներից այսպես թե այնպես չեն օգտվում։

Պատգամավորների հայտարարությունների հետ կապված Մարուքյանը շեշտեց՝ պատգամավորը չի կարող հետապնդվել որևէ հայտարարության համար, եթե այն իր մեջ զրպարտում չի պարունակում:

«Բոլորս գիտենք, չէ՞, թե ինչպես են ձայն հավաքում հանրապետականները։ Գնալ, նրանց ընտրել ու նեղվել, որ նման հայտարարություն են անում, տեղին չէ: Այն, որ ասել են՝ գնանք ընտրենք մեր թաղի Չիժին, որ լավ տղա է, ա՛յ  այդ ձայնն է գնացել հասել Խոսրով Հարությունյանին, այդ ձայնի հաշվին է նա դարձել պատգամավոր»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանին գնահատմամբ՝ պատգամավորները ներկայացնում են ՀՀ հասարակությանը։

«Ուրեմն՝ կա ՀՀ քաղաքացիների այնպիսի սեգմենտ, որը նման պատգամավոր է արտադրել, որովհետև ՀՀԿ-ին քվեարկելով՝ նման պատգամավոր ես ստանում: Թող չքվեարկեին»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:

 

ՀեղինակԱնի Օհանյան
ՀՀԿ-ին քվեարկելով՝ նման պատգամավոր ես ստանում. Է. Մարուքյանը՝ Հակոբ Հակոբյանի ու Խոսրով Հարությունյանի՝ աղքատների վերաբերյալ հայտարարությունների մասին (տեսանյութ)