Ճապոնիայի ներդրողները պետք է վստահ լինեն, որ ՀՀ-ում ամեն ինչ կարգավորվում է ըստ օրենսդրության. Էյջի Տագուչի

13:34 • 11.12.17

Միայն տնտեսական հարաբերությունների զարգացումը բավական չէ երկու երկրների փոխհարաբերությունների և գործընկերության համար, շատ այլ ոլորտներ կան, որ կցանկանայինք հետագայում զարգացնել: Այս մասին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ասաց «Մեդիա կենտրոնում»՝ անդրադառնալով հայ-ճապոնական հարաբերություններին, համագործակցության նոր հեռանկարներին ու հնարավորություններին:

«Ամեն տարի Ճապոնիայում կազմակերպվում է, այսպես կոչված, food expo, այսինքն՝ սննդամթերքի էքսպո: Եվ 2018-ին, երբ կազմակերպվի «ֆուդ էքսպո», կլինեն մասնակիցներ նաև Հայաստանից, նրանք կներկայացնեն գինի, մրգաչրեր, նաև իրենց արտադրած մեղրը: Դա էլ հենց կարող է խթանել դրանց հետագա արտահանմանը»,-նշեց Էյջի Տագուչին:

Նրա խոսքով՝ ներդրումների համար այս տարին շատ կարևոր էր, քանի որ ՀՀ-ի և Ճապոնիայի կառավարությունների միջև առաջիկայում ՝ միգուցե եկող շաբաթ կամ ավելի շուտ, կստորագրվի ներդրումների համատեղ ծրագիր, որն ինքնին խթան կլինի երկու երկրների միջև ներդրումների ծավալի ավելացման համար:

«Այս համաձայնագիրը ոչ թե սահմանում է, թե կոնկրետ որ ոլորտներում են ներդրումներ կատարվելու, այլ ընդհանուր համաձայնագիր է, որը պարտադիր է ցանկացած երկրի հետ համագործակցության համար: Այն ավելի շատ ուղեցույց և ընթացակարգ է երկու կողմի իրավունքների, պարտականությունների մասին: Այսինքն՝ Ճապոնիայի ներդրողները պետք է իմանան, գիտակցեն, վստահ լինեն, որ ամեն ինչ կարգավորվում է ըստ օրենսդրության և այս համաձայնագրի», -պարզաբանել է դեսպանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է հետաքրքրում Ճապոնիային հայկական շուկայում՝ Էյջի Տագուչին հիշեցրեց, որ Ճապոնիայից Հայաստան ներկրվում են մեքենաներ, ինչպես նաև սարքավորումներ, ծանր արդյունաբերական տեխնիկա: Բացի այդ ամենից, նրա կարծիքով՝ լավ կլինի հետագայում հնարավորություն լինի Ճապոնիայից Հայաստան ներկրել բժշկական սարքավորումներ, նաև էլեկտրական սարքավորումների կամ տեխնիկայի դետալներ, նոր տեսակի նյութեր: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը վստահ է, որ դա հնարավոր կլինի և կհետաքրքրի հայաստանյան շուկային. «Իսկ ինչ վերաբերում է Հայաստանից Ճապոնիա ապրանքի արտահանմանը, ապա Ճապոնիայում շատ հետաքրքրված կլինեն հայկական գինով, մեղրով, նաև մրգաչրերով»:

Էյջի Տագուչիի ձևակերպմամբ՝ ներդրումների ոլորտում ճապոնացիներին հետաքրքրում է նաև նորարար տեխնոլոգիաների ոլորտը, որը Հայաստանում նույնպես շատ զարգացած է, տուրիզմի և գյուղատնտեսական ապրանքների ոլորտը: