Վերջին 5 տարիներին հայ գրողների 100-ավոր ստեղծագործություններ են թարգմանվել. անգամ ԽՍՀՄ ժամանակ նման բան չի եղել. Է. Միլիտոնյան
Վերջին 5 տարիներին հայ գրողների հարյուրավոր ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են աշխարհի տարբեր երկրներում: Անգամ Սովետական Միության ժամանակ նման բան չի եղել: Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Ըստ նրա՝ այսօր ամենակարևորը ժամանակակից հայ գրողին թարգմանելու խնդիրն է, որը ինչ-որ չափով իրականացվում է վերջին տարիներին:
Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ 2017թ. իսկապես բուռն ստեղծագործական տարի է եղել միության համար: Նա հատկապես առանձնացրեց սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների համաժողովը, որը տեղի էր ունեցել հոկտեմբեր ամսին Ծաղկաձորում:
«15 երկրից 46 գրող ներկա էր, որի ընթացքում քննարկվեցին ապագայի ծրագրերը: Այս ծրագիրը շատ կարևոր է հատկապես սփյուռքում ապրող գրողների համար, նաև Հայաստանի գրողների համար, որովհետև նրանք կապավորն են մեր ժամանակակից գրականության և իրենց երկրների միջև: Օրինակ՝ Վրաստանի, Իրանի մեր գրողները թարգմանում են և ներկայացնում են մեր ժամանակակից գրողներին այդ երկրներին»,- նշեց նա:
Ընդհանուր առմամբ, գրողների միությունն ընթացիկ տարում 150-ի չափ միջոցառումներ է իրականացրել՝ հանդիսություններ, քննարկումներ, հոբելյաններ և այլն: Միլիտոնյանը հայտնում է, որ այս միջոցառումների անցկացման համար համագործակցել են տարբեր նախարարություններ՝ մշակույթի, կրթության և գիտության, ինչպես նաև շատ թանգարանների և գրադարանների հետ:
Բացի այս, գրողների միության նախագահը նկատեց, որ տարին դրական էր հայ գրողներին միջազգային փառատոններում ներկայացնելու առումով. «Այս տարի ունեցանք երկու-երեք հայ գրողների ներկայություն չինական պոեզիայի և գրական փառատոններին: Միջազգային տարբեր ասպարեզներում մեր գրողները հրավիրվում են մասնակցելու՝ Լեհաստանի, Բուլղարիայի, Վրաստանի: Այս միջոցառումներին, եթե որևէ անուն ունենում ենք, դա արդեն մեր ընդհանուր գրականության մասին է խոսում»,- ասաց նա:










