Թուրքիայում 2018 թվականին կնորոգվի Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (լուսանկար)
Թուրքիայի Կայսերի (Կեսարիա - tert.am) քաղաքի իշխանությունները հաստատել են հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգման նախագիծը, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Հայտնի է, որ եկեղեցու նորոգման համար կծախսվի 3.5 մլն թուրքական լիրա (875.000 դոլար): Բացի եկեղեցու շենքից՝ կնորոգվի նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի բակում գտնվող հայկական վարժարանի շենքը, որն ունի շուրջ 150 տարվա պատմություն:
Նախատեսվում է, որ նորոգման աշխատանքները կսկսվեն 2018 թվականի սկզբին և կտևեն 4.5 ամիս:
Կեսարիայի հին հայկական թաղամասի կենտրոնում գտնվող և 1191 թվականի կառույց համարվող եկեղեցին մինչ այս վերանորոգման է ենթարկվել 1663-ին, 1859-ին և 1885-ին:
Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հայության համար նաև կարևոր ուխտատեղի է, ըստ լեգենդի՝ Կեսարիան հենց այն քաղաքն է, որտեղ Գրիգոր Լուսավորիչը ծանոթացել է քրիստոնեությանն ու ընդունել այն՝ հետագայում տարածելով հայ ժողովրդի մեջ:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Կայսերիի քաղաքապետ Մուստաֆա Չելիքն այցելել է տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Քաղաքապետին այցի ընթացքում ուղեկցել են եկեղեցու հիմնադրամի ղեկավարներից Զադիք Թոքերն ու հիմնադրամի ղեկավար կազմի այլ անդամներ: Ներկաները քաղաքապետի հետ փաստել էին, որ եկեղեցու արտաքին պատը կարող է մի քանի տարվա ընթացքում փլուզվել, եթե չիրականացվի անհրաժեշտ միջամտություն:











