Գյումրիում անցկացվել է բարեգործական տոնավաճառ
Գյումրիում անցկացվել է բարեգործական տոնավաճառ մանկատների սաների ամանորյա նվերների համար: Դեկտեմբերի 23-ին Գյումրու Երիտասարդական պալատում, Ռամկավար Ազատական կուսակցության Շիրակի մարզի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված տոնավաճառին հիմնականում ներկայացված էին կիրառական արվեստի գործեր, խաղալիքներ:
Մինչ տոնավաճառի մեկնարկը տեղի է ունեցել գյումրեցի երիտասարդ ստեղծագործող Անի Խաչատրյանի հեքիաթների գրքի շնորհանդեսը: Գիրքը ևս ներկայացված էր վաճառքի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՌԱԿ-ի Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Հովիկ Կարապետյանը, տոնավաճառի արդյունքում վաճառված իրերի հասույթով կգնվեն տոնական պարկեր՝ Գյումրու մանկատներում և տնակներում բնակվող ընտանիքների երեխաների համար: Գիրքը տպագրվել է հեղինակային նկարազարդումներով՝ 500 օրինակ:
«ՌԱԿ-ի կենտրոնական վարչության հովանավորությամբ է Անի Խաչատրյանի հեքիաթների գիրքը լույս է տեսել, այն ևս ներկայացված է ցուցահանդես-վաճառքի և հասույթը դարձյալ նույն նպատակին է ծառայելու»,- նշեց պատասխանատուն՝ փաստելով, որ տնակների ընտրությունը կլինի հաշվի առնելով ինչպես տարբեր հասարակական կառույցների տրամադրած տեղեկություններն այնպես էլ սեփական դիտարկումները: Տոնական նվերները նախաձեռնողները հանձնելու են դեկտեմբերի 27-28-ը:










