Պերմի դպրոցում դանակահարությունը տեղի է ունեցել դանակով զինված դեռահասների կռվից հետո. նոր մանրամասներ (տեսանյութ)

12:26 • 15.01.18

Պերմի դպրոցում դանակահարությունը տեղի է ունեցել դանակով զինված երկու դեռահասների կռվից հետո, որոնց փորձել են բաժանել ուսուցիչները և մյուս աշակերտները: Այդ մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Ընդհանուր առմամբ, վիրավորվել է 12 աշակերտ և ուսուցիչը: Երկուսը՝ ուսուցիչը և 16-ամյա աշակերտը, ծանր վիճակում են:


Կռիվը տեղի է ունեցել դասի ժամանակ: Կոնֆլիկտի պատճառն անձնական թշնամանքն է եղել: ՆԳՆ Պերմի երկրամասի հարցերով գլխավոր վարչության տվյալներով՝ կռվի մասնակիցներից մեկը հաշվառված է եղել հոգեբուժական դիսպանսերում:


«360» հեռուստաալիքը հրապարակել է Պերմի դպրոցի մոտակայքում նկարահանված տեսանյութը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ դանակով զինված և դիմակավորված երկու տղամարդ հարձակվել է Պերմի դպրոցներից մեկի վրա:


Դեպքը տեղի է ունեցել №127 դպրոցում՝ տեղի ժամանակով ժամը 10:19-ին: