Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմն արգելվել է Լիբանանում
Լիբանանն արգելել է Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի դոսյե» ֆիլմի ցուցադրությունը երկրում: Դա տեղի է ունեցել Բեյրութում նախատեսված պրեմիերայից մի քանի օր առաջ, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմը, որում նկարահանվել են Մերիլ Սթրիփը և Թոմ Հենքսը, դուր չի եկել լիբանանյան գրաքննության խորհրդին: Գերատեսչությունը վկայակոչել է «Իսրայելին բոյկոտ» ցանկը: Այն ներառում է Սփիլբերգին՝ հոլոքոստի մասին «Շինդլերի ցանկը» օսկարակիր ֆիլմի համար: Ռեժիսորը մի քանի տեսարան նկարահանել է 1993 թվականին Երուսաղեմում:
Ֆիլմը ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ վեց անվանակարգում:
Լրատվամիջոցը նշում է, որ որոշումն անակնկալ էր, քանի որ վերջին երեք տարիների ընթացքում առնվազն հինգ ֆիլմ, որտեղ Սփիլբերգը եղել է կամ ռեժիսոր, կամ պրոդյուսեր, ընդունվել է և արժանացել խորհրդի հավանությանը, և միայն այժմ է նշվում, որ Սփիլբերգը ներառված է «Իսրայելին բոյկոտ» ցանկում:










