«Աշխարհի 17-րդ հայը լինելը բավականին ծանր բան է, չիմանաք, թե հեշտ է, սիրտս լցված է». Հովհաննես Չեքիջյան
«Սիրտս լցված է ուրախությամբ: Անբացատրելի բան է սա: Թեև կյանքում ունեցել եմ պարգևներ՝ և՛ Կրեմլում, և՛ Փարիզում, և՛ այլուր, բայց ոչ մի անգամ իմ ստացած պարգևներից ոչ մեկն այսքան բարձր, այսինքն՝ երկրի ամենաբարձր պարգևը չի եղել»: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման հանդիսավոր արարողությանն ունեցած ելույթւոմ այս մասին ասել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանը։
Երախտագիտություն է հայտնելով իրեն նման բարձր պարգևի արժանացնելու համար, մաեստրոն նշել է.
«Սիրտս լցված է ուրախությամբ: Անբացատրելի բան է սա: Թեև կյանքում ունեցել եմ պարգևներ՝ և՛ Կրեմլում, և՛ Փարիզում, և՛ այլուր, բայց ոչ մի անգամ իմ ստացած պարգևներից ոչ մեկն այսքան բարձր, այսինքն՝ երկրի ամենաբարձր պարգևը չի եղել: Առաջին անգամ է, որ երկրի ամենաբարձր պարգևին արժանանում եմ շնորհիվ մեր սիրելի Նախագահի, ով ինձ պարգևեց այս անակնկալը: Անակնկալ եղավ ինձ համար, երբ դեկտեմբերի 30-ին մենք ճանապարհում էինք 2017 թվականը, Նախագահն ինքը հնչեցրեց, որ ստորագրել է հրաման: Չհասկացա ինչ կատարվեց ինձ հետ՝ սիրտս պայթեց, թե՞ չպայթեց, չտեսնված մի ուրախություն եղավ:
Այո՛, երկար ու ձիգ տարիներ՝ մի քանի տասնյակ տարի այս խմբի հետ աշխատել եմ, իզուր չի եղել իմ աշխատանքը: Աշխարհի շատ կենտրոններում մենք խոշոր հաջողություններ ենք ունեցել, բայց ոչ մի անգամ իմ մտքով չէր անցնի, որ մի օր այսպիսի բարձր պարգևի կարժանանամ: Տարիքս բավականին առաջացած է, բայց ինչպես տեսնում եք, կարծես, այնքան էլ ծեր չեմ: Թեև զառամյալ ծերունու տարիք ունեմ, բայց ինքս այդպիսին չեմ:
Երկար չխոսեմ: Սիրտս լցված է, ինչպես ասացի: Քիչ մարդիկ կան ինձ նման՝ աշխարհի 17-րդ հայը լինելը բավականին ծանր բան է, չիմանաք, թե հեշտ է: Այդ ծանրությունը ես պետք է կրեմ և՛ սիրով, և՛ հպարտությամբ, և՛ մեծ պատասխանատվությամբ: Սա ինձ պարտավորեցնում է: Շնորհակալ եմ անչափ»:










