Քևին Սփեյսին մեղադրվել է ռասիզմի համար
Հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին մեղադրվել է ռասիզմի համար: Համապատասխան մեղադրանքը ներկայացրել են VIP Protective Services անվտանգության ընկերության ներկայացուցիչները, որոնց վարձակալել են «Քարտե տնակը» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի նկարահանումների ժամանակ անվտանգություն պահպանելու համար: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Ինչպես նշել է ընկերության 51-ամյա հիմնադիր Էռլ Բլյուն, հաջորդ սեզոնների համար պայմանագիրն իրենց հետ չի երկարացվել, քանի որ Սփեյսին իբր ասել է իր մենեջերին, որ այլևս չի ուզում «նեգրեր» տեսնել իր նկարահանման հարթակում: Բլյուի խոսքը հաստատել է ընկերության աշխատակիցներից մեկը՝ 47-ամյա Էրիկ Լայլսը:
Բլյուն նաև նշել է, որ Սփեյսին հրաժարվել է սեղմել անվտանգության սևամորթ աշխատակիցների ձեռքը և ձևացրել է, թե չի նկատում նրանց, երբ վերջիններս բարևել են նրան:
Տղամարդու խոսքով՝ ինքը փորձել է քննարկել այս խնդիրը նկարահանման հրապարակի մենեջերի հետ, սակայն իրեն ասել են, որ Սփեյսին հզոր մարդ է, և պետք է անել ամեն ինչ, որպեսզի նա գոհ լինի: Այժմ ընկերության հիմնադիրը մտադիր է դատի տալ դերասանին:











