Սաուդյան Արաբիայում 35 տարվա մեջ առաջին անգամ մեծ էկրանին ֆիլմ է ցուցադրվել

09:59 • 16.01.18

Աշխարհի «ամենախիստ» պետություններից մեկում՝ Սաուդյան Արաբիայում, իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների շրջանակում իշխանությունները բազմամյա արգելքից հետո սկսել են արտոնագրեր տրամադրել կինոթատրոններին:

Ինչպես հայտնում է Newsweek-ը, երկրում վերջին 35 տարվա մեջ առաջին անգամ մեծ էկրանի վրա ֆիլմ է  ցուցադրվել: Աղբյուրը մանրամասնում է, որ կինոնկարը ցուցադրվել է ժամանակավոր կինոթատրոնում: Խոսքը 2017թ. նկարահանված, ամերիկյան արտադրության «Էմոջի ֆիլմ» կինոնկարի մասին է:

Ավելի վաղ իշխանությունները հրահանգել էին ժամանակավոր կինոթատրոններ բացել ու դրան զուգահեռ համապատասխան սարքավորումներով համալրել հիմնական կինոթատրոնները:

Հիշեցնենք, որ 1980-ական թվականների սկզբին Սաուդյան Արաբիայում արգելվել էին կինոթատրոնները, ինչից հետո բնակիչները ֆիլմ դիտելու համար հիմնականում գնում էին հարևան Բահրեյն:

Հայտնի է, որ երկրում առաջին կինոթատրոնները բացվելու են 2018թ. մարտին: Նախքան ցուցադրումը, ֆիլմերը գրաքննվելու են, որպեսզի համապատասխանեն երկրի բարոյական արժեքներին:

Սաուդյան Արաբիայում 35 տարվա մեջ առաջին անգամ մեծ էկրանին ֆիլմ է ցուցադրվել