Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը հայտնվել է Վլադիմիր քաղաքի «Գրական ավտոբուսի» վրա

15:15 • 16.01.18

Այսօր Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի փողոցներում «Գրական ավտոբուս» է հայտնվել, որի վրա տեղ են գտել մեջբերումներ տարբեր ազգերի գրողների, այդ թվում՝ Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններից: Այս մասին հայտնում է Vladimir.kp.ru-ն:

«Դրսից ավտոբուսը նկարազարդված է Սիլվա Կապուտիկյանի, Ռուվիմ Ֆրաերմանի և Ռասուլ Գամզատովի ստեղծագործություններից մեջբերումներով: Սրահում ուղևորներին սպասվում է գրողների ստեղծագործությունների վերաբերյալ մրցույթ: Քաղաքի բնակիչները, որոնք ճիշտ կպատասխանեն հարցերին, որպես նվեր կստանան այս հեղինակների գրքերը», - ասվում է կայքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Գրական ավտոբուսի» հայտնվելը հնարավոր է դարձել Ազգային մշակույթների մարաթոնի «Բաց պատուհաններ» նախագծի շնորհիվ: Այն կսպասարկի 31-րդ երթուղին այսօրվանից մինչև մարտ:

Նշվում է, որ մարաթոնի նպատակը ռուս, հայ, թաթար, դաղստանցի և հրեա գրողների արվեստի մասին պատմելն է:

Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը հայտնվել է Վլադիմիր քաղաքի «Գրական ավտոբուսի» վրա