Մակրոնը համաձայնել է 950 տարվա մեջ առաջին անգամ Բայե գորգը Մեծ Բրիտանիա ուղարկել (լուսանկար)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թույլ է տվել 950 տարվա մեջ առաջին անգամ հանրահայտ պատմական նմուշ համարվող Բայե գորգն ուղարկել Մեծ Բրիտանիա ու միառժամանակ այնտեղ ցուցադրել:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, գորգը համարվում է միջնադարյան արվեստի արժեքավոր նմուշ: Այն նորմանդացիների ներխուժումն Անգլիա ու Հասթինգսի ճակատամարտը (1066թ.) պատկերող տեսարանները ներկայացնող գոբելեն է: Գորգը ստեղծվել է 11-րդ դարում ու ցուցադրվում է նորմանդական Բայե քաղաքի հատուկ թանգարանում՝ համարվելով Ֆրանսիայի ազգային հարստություններից մեկը: 2007 թվականից այն պաշտպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
Աղբյուրը նկատում է, որ Մակրոնի պատմական որոշման արդյունքում գորգը 950 տարվա մեջ առաջին անգամ դուրս կբերվի Ֆրանսիայից: Դա տեղի կունենա 2022 թվականին։
Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները տասնամյակներ շարունակ բանակցել են ֆրանսիական կողմի հետ գորգը կարճ ժամանակով վերցնելու թույլտվության համար:
Նշվում է, որ գորգը հազվադեպ է տեղափոխվել Ֆրանսիայի ներսում: 1803թ. Նապոլեոն Բոնապարտն այն ցուցադրել է Փարիզում, իսկ 1945թ. այն ներկայացվել է «Լուվր»-ում:
Ենթադրվում է, որ 70 մ երկարությամբ արվեստի գործը ստեղծվել է Հասթինգսի ճակատամարտից կարճ ժամանակ անց:











