Մեծ բրիտանիայում գողացել են «Հարի Փոթերի» և «Հոբիթի» առաջին հազվադեպ հրատարակությունները
Մեծ Բրիտանիայի Տետֆորդ քաղաքում գողացել են գրող Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը, որի գինը 40 հազար ֆունտ ստեռլինգ է, ինչպես նաև՝ մի շարք այլ գրքեր: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ կողոպուտը տեղի է ունեցել հունվարի 8-9-ին։ Հարի Փոթերի մասին գրքից բացի կորել է ևս մի քանի հազվադեպ գիրք, այդ թվում՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթի» առաջին հրատարակությունը, Ալան Ալեքսանդր Միլնի՝ Վինի Թուխի մասին հեքիաթների առաջին չորս հրատարակությունը, ինչպես նաև՝ Թերրի Փրաթչեթի «Հրաշքի գույները» գրքի առաջին հրատարակությունը:
Նշվում է, որ ոստիկանությունը կոչ է արել հասարակայնությանը, մասնավորապես՝ գրքավաճառներին և մասնագիտացված գրախանութների աշխատակիցներին, զգոնություն ցուցաբերել, եթե այս գրքերն առաջարկվեն վաճառքի համար:










