Կոմիտասի երաժշտությունը տեղ է գտել շվեյցարական Modus Quartet-ի նոր ալբոմում
Շվեյցարական Modus Quartet քառյակը ներկայացրել է իր վերջին՝ Facing East ալբոմը, որում տեղ են գտել Կոմիտասի ստեղծագործությունները: Այս մասին հայտնում է շվեյցարական Der Bund պարբերականը:
«1915 թվականի ապրիլին Կոմիտաս Վարդապետը վերապրել է մի քանի հարյուր հայ մտավորականների զանգվածային սպանությունը: Սակայն նա դարձել է այնքան շատ դեպքերի ականատես, որ իր կյանքի վերջին տարիները՝ 1922-1935 թվականները, անցկացրել է Փարիզի հոգեբուժարաններից մեկում: Այսպիսով՝ իր մեջ տարբեր երաժշտական մշակույթներ համադրող այս ալբոմը նույնպես հարգանքի տուրք է դարձել ժամանակակից հայկական դասական երաժշտության հայր-հիմնադրի հիշատակին», - ալբոմի թողարկումը մեկնաբանել է պարբերականը:
Նշվում է, որ Facing East ալբոմում ներառվել են «Ալ Այլուղս», «Չեմ կըրնա խաղա», «Գլորիգ այ լորիգ» և այլ ստեղծագործություններ: Երաժիշտների խոսքով՝ այս ալբոմը ջազի և արևելյան մոտիվների համադրություն է:
Հայտնի է, որ Modus Quartet-ի մենակատարը հայազգի Ուրի Դորա Ապատյանն է, ակորդեոնահարը՝ իտալացի Անտոնելո Մեսինան, կոնտրաբասիստը՝ շվեյցարացի Լորենց Բայելերը, իսկ թմբկահարը՝ իսրայելցի Օմրի Հասոնը:










