Թուրքիան Հայկական հարցին վերաբերող Օսմանյան փաստաթղթերի մի մեծ հավաքածու 1931թ.-ին վաճառել է Բուլղարիային

20:28 • 18.01.18

Բուլղարիայի ազգային գրադարանում է գտնվում Օսմանյան արխիվների աշխարհի ամենահարուստ հավաքածուներից մեկը, այս մասին գրում է Կանադայի հայկական պարբերականներից «Հորիզոնը»՝ հղում անելով «ԹուրքՓրես» արաբալեզու կայքէջին:

Աղբյուրը նշում է, որ հենց Բուլղարիայում է գտնվում մոտ 500 000 օսմանյան արխիվային միավոր և մոտ մեկ մլն փաստաթուղթ, որոնց թվում են Հայկական հարցին վերաբերող մի շարք կարևոր արձանագրություններ:

Բանն այն է, որ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո օսմանյան ուժերը Բուլղարիայից ետ քաշվեցին և այնտեղ թողեցին իրենց արխիվների մի մասը:

Բացի այդ՝ վերոնշյալ փաստաթղթերի մի մասը Բուլղարիայի կառավարությունը ձեռք է բերել 1931 թվականին իրականացված աճւորդի ժամանակ, երբ թուրքական իշխանությունները վերամշակման համար բավականին մեծ թվով թղթեր էր վաճառքի հանել: 

Այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Իսմեթ Ինոնյուն այդպես էլ չբացահայտեց, որ վերամշակման նպատակով վաճառքի հանված այդ թղթերն իրականում օսմանյան փաստաթղթեր էին: Այս ամենը մաս էր կազմում մի շարք կարևոր արխիվային փաստաթղթերից ազատվելու ծրագրի, որը նպատակ ուներ ոչնչացնելու օսմանյան անցյալին վերաբերող մի շարք փաստեր:

Նշվում է, որ այդ ժամանակ Բուլղարիային վաճառվեց մոտ 50 տոննա օսմանյան փաստաթուղթ, որոնց մեկ կգ-ի գինը սահմանված էր 3 մանրադրամ:

 

Թուրքիան Հայկական հարցին վերաբերող Օսմանյան փաստաթղթերի մի մեծ հավաքածու 1931թ.-ին վաճառել է Բուլղարիային