Հաշվի առնելով նրա ունեցած հիվանդությունների «ծաղկեփունջը»՝ դա վտանգավոր է. Ջիգարխանյանի ընկերը հաստատել է դերասանի հոսպիտալացման լուրը

13:27 • 18.01.18

Հունվարի 18-ին ռուսական լրատվամիջոցները հայտնել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացման մասին: Այժմ տեղեկությունը հաստատել է նրա մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը:

«Կարծես թե սրտի հետ խնդիր չունի: Հավանաբար, նրա մոտ ինչ-որ վարակ կա, ու հաշվի առնելով նրա ունեցած հիվանդությունների «ծաղկեփունջը»՝ դա վտանգավոր է»,-«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հետ զրույցում ասել է Արթուր Սողոմոնյանը:

Նա հավելել է, որ բժիշկները մտադիր են տոմոգրաֆիա անել, որպեսզի հասկանան դերասանի ինքնազգացողության վատացման պատճառը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, դերասանին տրվել է հիպերտոնիկ ճգնաժամ ախտորոշումը:

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը վերջին անգամ հոսպիտալացվել էր 2017թ. հոկտեմբերին:

Դրանից մեկ ամիս անց նա դատարանով բաժանվել է կնոջից: Այժմ Ջիգարխանյանի նախկին կինը՝ նրանից 44 տարով երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը նախորդ տարվա նոյեմբերին դատարանով պաշտոնապես ամուսնալուծվել էր 82-ամյա դերասանից, ցանկանում է չեղարկել ամուսնալուծությունը:

Հաշվի առնելով նրա ունեցած հիվանդությունների «ծաղկեփունջը»՝ դա վտանգավոր է. Ջիգարխանյանի ընկերը հաստատել է դերասանի հոսպիտալացման լուրը