Լոս Անջելեսում ճաշկերույթ է կազմակերպվել «Գրեմմիի» հավակնորդներ Տիգրան Մանսուրյանի և Կոնստանտին Օրբելյանի պատվին
Հունվարի 13-ին Լոս Անջելեսում կազմակերպված տոնական ճաշկերույթի ժամանակ հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել երկու հայ երաժիշտներին՝ Տիգրան Մանսուրյանին և Կոնստանտին Օրբելյանին՝ «Գրեմմի» հեղինակավոր մրցանակաբաշխությանն առաջադրվելու կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Asbarez-ը, ճաշկերույթին ներկա են գտնվել մշակութային ոլորտի առաջնորդներն ու երաժշտասերները: Բացման խոսքով հանդես է եկել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Փիթեր Քոուն՝ ներկայացնելով երաժշտական մրցանակի հավակնորդների կենսագրութունները, ձեռքբերումներն ու արժանիքները:
Հիշեցնենք, որ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն առաջադրվել է «Գրեմմիի» երկու անվանակարգում՝ «Լավագույն երգչախմբային կատարում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»:
Համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար, խմբավար և ՌԴ պատվավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակն առաջադրվել է «Լավագույն դասական վոկալային սոլո ալբոմ» անվանակարգում։
Երաժշտական մրցանակաբաշխության 60-րդ հոբելյանական միջոցառումը տեղի կունենա Նյու Յորքի Madison Square Garden բեմում հունվարի 28-ին:










