Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան շարունակում է Ջիգարխանյանի կինը լինել, նրանց ամուսնալուծությունը դեռ ուժի մեջ չի մտել. դերասանի փաստաբան

14:42 • 19.01.18

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի շուրջ ծագած ընտանեկան սկանդալը նախորդ տարվանից չի հանդարտվում: Այժմ հայտնի է դարձել, որ 82-ամյա դերասանն ու նրանից 44 տարով փոքր Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան շարունակում են ամուսիններ լինել, քանի որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել է ամուսնալուծության վճիռը, ինչի պատճառով ամուսնալուծությունը դեռ ուժի մեջ չի մտել։ 

Այս մասին kp.ru-ի հետ զրույցում հայտնել է Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը:

«Դեկտեմբերի վերջին Վիտալինա Ցիմբալյուկը բողոքարկել է դատարանի՝ ամուսնալուծության վերաբերյալ վճիռը»,-պատմել է Պարֆյոնովը՝ մանրամասնելով, որ դատարանը բավարարել է բողոքը:

«Փաստացի՝ նա շարունակում է Ջիգարխանյանի կինը մնալ: Նրանք ամուսնալուծված չեն»,-շարունակել է փաստաբանը:


Նա ենթադրել է, որ կինը նման քայլի է դիմել, որպեսզի կարողանա հետագայում էլ մասնակցել սկանդալային բաժանության մասին ռուսական հեռուստահաղորդումներին, ինչի համար նրան խոշոր գումարներ են վճարում:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանն օրերս հոսպիտալացվել էր առողջական խնդիրների պատճառով: Նրան հիպերտոնիկ ճգնաժամի ախտորոշում էր տրվել:

Դերասանի ու երիտասարդ կնոջ ընտանիքում առկա լուրջ տարաձայնությունների մասին հայտնի էր դարձել 2017թ. հոկտեմբերին, երբ Ջիգարխանյանը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ընտանեկան վեճից հետո հիվանդանոց էր տեղափոխվել: Ավելի ուշ նա կնոջը մեղադրել էր իրեն խաբելու ու ամբողջ կարողությանը տիրանալու համար: Դրան հաջորդել էր Ջիգարխանյանի՝ կնոջից պաշտոնապես բաժանվելու վերաբերյալ դատական հայցը: Մոսկվայի դատարանը նրանց ամուսնալուծությունը հաստատել էր նոյեմբերի վերջին:

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան շարունակում է Ջիգարխանյանի կինը լինել, նրանց ամուսնալուծությունը դեռ ուժի մեջ չի մտել. դերասանի փաստաբան