Պրահայի հանրահայտ Կառլով կամուրջը գտնվում է վատ վիճակում
Պրահայի տարածքում Վլտավա գետի վրա գտնվող կամուրջների մեծ մասը, ներառյալ՝ հանրահայտ Կառլով կամուրջը, գտնվում են վատ վիճակում։ Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայում են Հաղորդակցությունների տեխնիկական վարչության տվյալները, որոնք փոխանցվել են քաղաքային խորհրդին։
Ուրբաթ առավոտյան օգտագործման համար փակվել է Լիբենի կամուրջը, որը միացնում է քաղաքի կենտրոնը Պրահա-8 թաղամասի հետ։ Ըստ վարչության ներկայացուցիչների՝ կամուրջն արդեն երկար ժամանակ գտնվում է տեխնիկապես վատ վիճակում և ենթակա է լուրջ վերակառուցման։
Վերջերս փակվել էր նաև Նովե Բուտովիցե թաղամասում գտնվող կամուրջը։
Պրահայի տարածքում գետի և երկաթգծերի վրա գտնվող 700 կամուրջներից ու հետիոտնային անցումներից ավելի քան 100-ի վրա լուրջ ուշադրություն է հրավիրվել անցյալ տարվա դեկտեմբերից, երբ փլվեց Վլտավայի աջ ափը Կայսերական կղզու հետ միացնող բետոնե կամուրջը։ Կամրջի վրա այդ պահին գտնվող 4 մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։











