Թաղային խուժանները, խուլիգանները կարող են կայանատեղի մտնել, իսկ մենք՝ ոչ. Զ. Փոստանջյանը պնդում է, որ իրենց նկատմամբ ճնշումներ կան

16:25 • 19.02.18

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ փետրվարի 13-ի միջադեպից հետո իրենց նկատմամբ ճնշումներ են սկսվել: Նա լրագրողներին հրավիրել էր Երևանի քաղաքապետարան՝ ցույց տալու, որ թույլ չեն տալիս իրենց մեքենաները կայանել քաղաքապետարանին տրամադրված կայանատեղիում:

«Նայե՛ք, թե քանի մեքենա կա, ովքե՞ր են այս մեքենաների վարորդները, ինչո՞ւ են այստեղ: Կարելի է ասել, որ տարբեր կարգավիճակ ունեցող անձինք կարող են մուտք գործել այստեղ՝ սկսած թաղային խուժաններից, որոնց մենք տեսնում ենք ընտրությունների ժամանակ, տեսնում ենք, թե ինչպես են իրենց սև գործը կատարում: Այստեղ պատահական մարդիկ են, ովքեր չեն հասկանում, թե ինչու են այստեղ»,- «Ազատություն» ՌԿ-ի  եթերում ասաց Փոստանջյանը:

Վերջինս շեշտեց, որ մեքենան, որը թույլ չեն տալիս կայանել քաղաքապետարանի տարածքում, իրենց ՝ որպես խմբակցության, տրամադրել է հենց քաղաքապետարանը: Ըստ նրա՝ արգելելու ժամանակ որևէ հիմնավորում չի տրվում:

«Առանց որևէ պատճառաբանության արգելում են, զուտ ասում են, որ ցուցակի մեջ չկա, մինչդեռ ցուցակի մեջ թաղային խուժանների անուններ կան»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե այստեղ են քաղաքապետարանի աշխատակիցները, Զարուհի Փոստանջյանն արձագանքեց, թե ինքը չի հերքում, որ կարող են աշխատակիցներ լինել, բայց խուլիգան է անվանում խուլիգանական արարքներ կատարելու համար:

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարը լրագրողների ուղեկցությամբ մուտք գործեց վարորդների սենյակ, որտեղ թղթախաղ էր, ավելին՝ Փոստանջյանը ցույց տվեց թղթախաղի հաշիվը:

«Այստեղ մշտապես խաղաթուղթ է դրված, նարդի էլ կար, իսկ մեր սենյակում նույնիսկ աղբը չեն հավաքում: Բոլորը ձրիակերներ են այստեղ, որոնք մեր հանրության հարկերի հաշվին են ապրում. ինչ-որ մեկի թիկնապահն են, վարորդն են, հարկ եղած դեպքում նաև բռնություն կիրառող են»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:

Ընթացքում լրագրողներին մոտեցավ նաև Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանը, որը հայտարարեց, թե որևէ մեկը քաղաքապետարանի շենքում առանց իրենց թույլտվության նկարահանում անելու իրավունք չունի:

«Որևէ լրագրող իրավունք չունի առանց մեր թույլտվության ու հատուկ կանոնակարգի մտնել, պտտվել, անգամ եթե տիկին Փոստանջյան է ուղեկցում: Տիկին Փոստանջյանը կարող է ուղեկցել զուտ իր աշխատասենյակ»,- ասաց Արթուր Գևորգյանը:

Վերջինս հակադարձեց Փոստանջյանի պնդումներին, թե քաղաքապետարանը հանրային տարածք է, և շեշտեց, որ կա ներքին կանոնակարգ, իսկ քաղաքապետարանում նկարահանում անելու համար աշխատակազմի ղեկավարի թույլտվությունն է հարկավոր: Արթուր Գևորգյանը հորդորեց անվտանգության աշխատակիցներին միջամտել և լրագրողներին հեռացնել տարածքից:

Փոստանջյանն էլ իր հերթին դիմեց ոստիկաններին. «Հարգելի՛ ոստիկաններ, մեկուսացրե՛ք այս անձին (նկատի ունի Արթուր Գևորգյանին-խմբ.), քանի որ այս մարդը քրեորեն պատժելի արարք է թույլ տալիս և խոչընդոտում է լրագրողների աշխատանքը: Այս մարդը բռնություն է գործադրել մեր խմբակցության անդամների նկատմամբ, հիմա էլ կարող է թույլ տալ»:

Արթուր Գևորգյանը թույլ չտվեց, որ լրագրողները զրույցը շարունակեն Զարուհի Փոստանջյանի աշխատասենյակում՝ նկատելով, որ արդեն իսկ խախտվել է սահմանված կարգը: Փոստանջյան էլ հակադարձեց. «Մենք ասել էինք, որ գալիս ենք քաղաքապետարանի կեղտը մաքրելու, ինչն էլ  անում ենք»:

Tert.am-ը փորձեց կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանի հետ՝ պարզելու, թե իրականությո՞ւն է, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին թույլ չի տրվում ավտոմեքենաները կայանել քաղաքապետարանի տարածքում: Սակայն Արթուր Գևորգյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Քաղաքապետարանի մեկնաբանությունը Tert.am–ը կներկայացնի հաջորդիվ։



ՀեղինակԱնի Օհանյան
Թաղային խուժանները, խուլիգանները կարող են կայանատեղի մտնել, իսկ մենք՝ ոչ. Զ. Փոստանջյանը պնդում է, որ իրենց նկատմամբ ճնշումներ կան