Քաղաքապետարանի ետնամասում կայանելու սահմանափակումը չի վերաբերում միայն «Երկիր Ծիրանիին», այլ նաև ավագանու ՀՀԿ և ԵԼՔ խմբակցություններին. Ա. Գևորգյան
Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի պնդմանը, որ իրենց թույլ չեն տալիս մեքենաները կայանել քաղաքապետարանի կայանատեղում:
Արթուր Գևորգյանը նշեց, որ խոսքը վերաբերում է քաղաքապետարանի վարչական շենքի ետնամասում գտնվող բակային հատվածին, որտեղ կայանվում են սահմանափակ թվով մեքենաներ:
Նա նշեց, որ այդ սահմանափակումը վերաբերում է ոչ միայն ավագանու «Հանրապետական», «Ելք», «Երկիր Ծիրանի» խմբակցություններին, այլ նաև քաղաքապետարանի ենթակայության կառույցների մեքենաներին, աշխատակիցների մեքենաներին, ծառայողական շատ այլ մեքենաների:
«Նրանք բացառապես կարող են կայանել Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի դիմացի կայանատեղում, այսինքն՝ ետնամասի կայանատեղը սահմանափակ թվով մեքենաների համար է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ փետրվարի 13-ի միջադեպից հետո իրենց նկատմամբ ճնշումներ են սկսվել: Նա լրագրողներին հրավիրել էր Երևանի քաղաքապետարան՝ ցույց տալու, որ թույլ չեն տալիս իրենց մեքենաները կայանել քաղաքապետարանի կայանատեղիում:
«Ինչ վերաբերում է նրան, որ ես փորձել եմ խոչընդոտել լրագրող գործընկերների աշխատանքը, ապա դա բացարձակ սուտ է, քանի որ տիկին Փոստանջյանը, գերազանցելով իր իրավասությունները, իմ լրագրող գործընկերների համար շրջայց էր կազմակերպել»,-ասաց Արթուր Գևորգյանը:
Նա նշեց, որ դա Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգի կոպիտ խախտում է՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում նմանատիպ շրջայցեր, տեսանկարահանումներ կատարելը կարգավորվում է աշխատակազմի կողմից:
Արթուր Գևորգյանը նշեց, որ անտեսելով կանոնակարգը՝ Զարուհի Փոստանջյանն իր աշխատասենյակ ուղեկցելու փոխարեն շրջայց է կազմակերպել, ինչի իրավունքը չուներ: «Դրա համար ես իմ գործընկերներից ներողություն խնդրեցի, որոնք իրենց կամքից անկախ հայտնվել են նման իրավիճակում, քանի որ տեղյակ չէին, որ կանոնակարգը խախտվել է»,-ասաց նա:










