Թել Ավիվը հողին կհավասարեցնենք, իսկ Նեթանյահուին ճողոպրելու որևէ հնարավորություն չենք տա. իրանցի բարձրաստիճան պաշտոնյա

14:56 • 21.02.18

Իրանի բարձրագույն ղեկավարության Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին, մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի՝ Անվտանգության մյունխենյան համաժողովի ժամանակ արած հայտարարությունը, նախազգուշացրել է, որ ցանկացած ռազմական սադրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է հողին հավասարեցնել Թել Ավիվը:

Իրանական Fars գործակալությունը հիշեցնում է, որ Իսրայելի վարչապետը Մյունխենում հայտարարել էր անմիջապես Իրանի դեմ գործելու պատրաստակամության մասին՝ հիշեցնելով, որ վերջերս Սիրիայի տարածքում իսրայելական օդուժն իրանական արտադրության անօդաչու էր կործանել:

«Ինչ վերաբերում է Նեթանյահուի անխոհեմ խոսքերին, ապա պետք է ասեմ, որ Իրանի դեմ ամենաթեթև անխոհեմ քայլ ձեռնարկելու դեպքում մենք Թել Ավիվը հողին կհավասարեցնենք, իսկ Նեթանյահուին ճողոպրելու որևէ հնարավորություն չենք տա: ԱՄՆ-ի ու Իսրայելի առաջնորդները չեն ճանաչում Իրանին ու չեն գիտակցում մեր դիմակայելու ուժը, դրա համար էլ անընդհատ պարտվում են»,-ասել է խորհրդի քարտուղարը: