Գիլյերմո Դել Տորոն արձագանքել է իր «Ջրի ձևը» ֆիլմի շուրջ գրագողության մեղադրանքներին

17:31 • 22.02.18

Մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո Դել Տորոն արձագանքել է իր «Ջրի ձևը» ֆիլմի շուրջ գրագողության մեղադրանքներին: Ռեժիսորի պատասխանին անդրադարձել է Deadline-ը:

Հիշեցնենք, որ ամերիկացի դրամատուրգ Փոլ Զինդելի որդին դատի է տվել «Ջրի ձևը» ֆիլմի ստեղծողներին՝ մեղադրելով նրանց հեղինակային իրավունքները խախտելու համար:

Զինդելի որդի Դևիդի պնդմամբ՝ Դել Տորոյի ֆիլմը հիմնված է իր հոր՝ «Թույլ տուր ինձ լսել քո շշուկը» պիեսի վրա, որը գրվել է 1969 թվականին:

Փաստաթղթի համաձայն՝ հայցվորները պահանջում են փոխհատուցել բոլոր իրավական ծախսերն ու «անօրինական գործողությունների արդյունքում» ստացված եկամուտը:

Fox Searchlight կինոընկերությունը հերքել է ամերիկացի դրամատուրգի որդու մեղադրանքները՝ անհիմն  անվանելով դրանք:

Ռեժիսորի խոսքով՝ ինքը չի կարդացել ու չի տեսել այդ պիեսը:

«Ես երբեք չեմ լսել այդ պիեսի մասին «Ջրի ձևը» ստեղծելուց առաջ, և իմ համահեղինակներից ոչ մեկը ոչ մի անգամ չի հիշատակել այն», - ասել է Դել Տորոն:

Նա նաև նշել է, որ ինքն արդեն 25 տարի աշխատում է կինոարդյունաբերության մեջ, և իր հեղինակությունն անթերի է:

«Ես միշտ բաց խոսել եմ այն մասին, թե ինչն է ազդեցություն գործել իմ արվեստի վրա», - եզրափակել է Դել Տորոն:

«Ջրի ձևը» ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության 13 անվանակարգում:

Դրանից բացի, ԱՄՆ պրոդյուսերների գիլդիան տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել «Ջրի ձևը» ֆիլմը:

Գիլյերմո Դել Տորոն արձագանքել է իր «Ջրի ձևը» ֆիլմի շուրջ գրագողության մեղադրանքներին