ԱՄՆ-ում չորս մարդ է մահացել ամերիկացի հավաքորդի թաքցրած գանձը գտնելու փորձի ժամանակ
Ամերիկացի հավաքորդ Ֆորեստ Ֆենը «Հետապնդման կիրք» կոչվող իր հուշագրությունում պատմել է, որ 2 միլիոն դոլար արժողությամբ գանձերով սնդուկ է թաքցրել Նյու Մեխիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքի մոտակայքում՝ Ժայռոտ լեռներում: Նրա խոսքով՝ արդեն 65 հազար մարդ փորձել է գտնել գանձը, իսկ չորս մարդ նույնիսկ մահացել է: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Ֆենի խոսքով՝ սնդուկի գանձերում հնագույն մետաղադրամներ, արժեքավոր քարեր, 17-րդ դարի մատանի, ադամանդներ, թանկարժեք զարդեր և քանդակներ կան:
Նշվում է, որ ժամանակին Ֆենը սկսել է հետաքրքրվել հնագիտությամբ և պատկերասրահ է բացել Սանտա Ֆեում: «Հետապնդման կիրք» գրքում միլիոնատերը 9 հուշում է թաքցրել բանաստեղծության մեջ, որոնք լուծելով կարելի է իմանալ՝ որտեղ է գտնվում գանձը:
Փետրվարի 20-ին Kurl8 ալիքը հաղորդել է գանձը փնտրողներից մեկի մահվան մասին. Իլինոյս նահանգի բնակիչ Ջեֆ Մերֆին ընկել է 152 մետր բարձրությամբ ժայռից և մահացել: Ոստիկանության տվյալների համաձայն՝ սա գանձը գտնելու փորձի հետևանքով արդեն չորրորդ մահն է:
Ֆենը նշել է, որ գանձը գտնվում է ապահով վայրում, և այն կարող է գտնել «նույնիսկ 80-ամյա ծերունին»:










