«ԿինոՊարկն» առաջին անգամ Հայաստանում կինոէկրանին ներկայացնելու է Նյու-Յորքի Մետրոպոլիտենի «Տրուբադուր» օպերան
Այսուհետ հայաստանյան լսարանը հնարավորություն ունի դիտելու Նյու-Յորքում գտնվող Մետրոպոլիտեն օպերայի «Տրուբադուր» օպերան: Հնարավորությունն ընձեռում է «Երևան Մոլի» «ԿինոՊարկ» կինոթատրոնը:
Այստեղի կինովարձույթի մենեջեր Մարինա Ղամբարյանի խոսքով՝ «Տրուբադուրը» «ԿինոՊարկի»՝ օպերա, բալետ ներկայցումներ ցուցադրելու նախագծի երկրորդ նախաձեռնությունն է, առաջինը՝ դեկտեմբերին ցուցադրված Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի «Շելկունչիկ» բալետն էր:
«Հիմա արդեն ներկայացնում ենք Նյու-Յորքում գտնվող Մետրոպոլիտեն օպերայի «Տրուբադուր» օպերան և պատրաստվում ենք շարունակել»,- ասաց նա՝ նշելով, որ «Տրուբադուր» օպերան նման ձևաչափով հայաստանյան լսարանին ներկայացվում է առաջին անգամ: Տեսաձայնագրությունը 2015 թվականի է:
Ըստ Մարինա Ղամբարյանի՝ իրենք աշխատել են ընտրել այնպիսի գործ, որը հայտնի է շատերին: Նա նշեց՝ գուցե հետագայում իրենց ընտրությունը կանգնի այնպիսի ներկայացումների վրա, որոնք ավելի նեղ մասնագիտական շրջանակներին հասու լինեն:
«Մենք ընտրել ենք Մետրոպոլիտենի «Տրուբադուր» օպերան, որովհետև այն նաև Դմիտրի Խվորոստովսկու օպերան է, որը 2017 թվականի մահացավ քաղցկեղից: Մենք որոշեցինք, որ նրա մասնակցությամբ օպերան ցուցադրելը հնարավորություն է՝ վերհիշելու տաղանդավոր մարդուն»,- ասաց նա:
«ԿինոՊարկի» մենեջեր Մաշա Մանուկյանի խոսքով էլ՝ այս նախագիծը յուրահատուկ և բացառիկ է նրանով, որ հնարավորություն է ընձեռում հայաստանյան լսարանին՝ իր երկրում նստած հայտնվել, օրինակ, Մոսկվայի «Մեծ թատրոնում» կամ Նյու Յորքի «Մետրոպոլիտենում»:
«Ոչ բոլորին է հնարավորություն ընձեռվում հայտնվել Մոսկվայում կամ Նյու Յորքում, կամ մեծ գումար ծախսել գնելու համար այդ ներկայացումների տոմսերը: Փաստորեն հիմա մեզ մոտ՝ մեր քաղաքում՝ ամենահարմար պայմաններում մարդիկ շատ սիմվոլիկ գումարով կարող են գնել տոմսեր և դիտել այդ ներկայացումները,- ասաց նա՝ նկատելով, որ իրականում «ԿինոՊարկի» նախագիծը շահույթ հետապնդելու նպատակ էլ չունի,- բոլորն էլ հասկանում են՝ այս նախագիծը սոցիալական նշանակություն ունի. մենք փորձում ենք օգնել մեր երիտասարդներին բարձրացնելու մշակույթի նկատմամբ վերաբերմունքը: Նման նախագծերը զարգացնում են մարդկանց: Մենք ուրախ կլինենք տեսնել այստեղ բոլորին»:
«ԿինոՊարկի» մենեջերը նաև մատնանշեց, որ իրենք նաև անտրակտների ժամանակ հանդիսատեսներին հյուրասիրում են գինով:
«Մենք նման ձևաչափ ենք ընտրել, որպեսզի մարդիկ անտրակտի ժամանակ միմյանց հետ հաղորդակցվեն, կիսվեն իրենց տպավորություններով: Չենք ուզում՝ լինի մի ձևաչափ, որ մարդիկ գան, դիտեն ներկայացումը և ուղիղ տուն գնան: Պետք է լինի մթնոլորտ, որ մարդիկ միմյանց հետ հաղորդակցվեն, լիցքաթափվեն, որ նրանք «ԿինոՊարկում» անցկացրած երեք ժամից հաճույք ստանան: Ընտրել ենք նաև շաբաթ երեկոները, աշխատանքային օրից հետո, որ մարդիկ աշխատանքից հետո չգնան ինչ-որ սրճարան կամ համերգ, այլ գան հանգստանալու, լավ երաժշտություն լսելու, ընկերների հետ շփվելու, այսինքն՝ արվեստի աշխարհ մտնելու»,- ասաց նա:
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի
%20copy.jpg?1519564120815)
%20copy.jpg?1519564109765)
%20copy.jpg?1519564100617)
%20copy.jpg?1519564083000)
%20copy.jpg?1519564075923)
%20copy.jpg?1519564062716)
%20copy.jpg?1519564049831)
%20copy.jpg?1519564034494)










