Մարդը կրթված է, խելքով, ներկայանալի. Մ. Գրիգորյանը՝ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու մասին

20:54 • 26.02.18

ԵԿՄ վարչության նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը, պատասխանելով Tert.am–ի գրավոր հարցերին, անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրման հնարավորությանը, նախագահի պաշտոնում ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի անձին, քաղաքական այլ թեմաների:

- Պարո՛ն Գրիգորյան, ՀՀ  4-րդ նախագահի պաշտոնում ՀՀԿ առաջադրած թեկնածուն Արմեն Սարգսյանն է, ում ընտրությունը սպասվում է մարտի 2-ին, իսկ  ո՞ւմ եք տեսնում ՀՀ  վարչապետի պաշտոնում։

- Արմեն Սարգսյանը կարող է օբյեկտիվ արբիտրի դեր կատարել, ու հենց դա էլ նոր Սահմանադրությամբ պահանջվում է Նախագահից: Բա հո իզուր չէ՞ պահանջը, որ Նախագահը պաշտոնավարման ընթացքում անկուսակցական լինի: Մարդը կրթված է, խելքով, ներկայանալի է, լուրջ կենսագրություն ունի, հարգված է Սփյուռքում ու դրսի պետական շրջանակներում։ Ես Արմեն Սարգսյանին ճանաչում եմ դեռ 90-ական թվականներից ու  հավատում եմ: Մանավանդ, վստահում եմ, քանի որ իր թեկնածությունը Սերժ Սարգսյանն է առաջադրել: Շատ ճիշտ ընտրություն է  կատարվել։ Ինչ մնում է վարչապետի պաշտոնին,  2017-ի ապրիլի 2-ի ընտրություններով այդ որոշումը կայացնելու իրավունքը   Հանրապետականինն է, որի առաջնորդը Սերժ Սարգսյանն է։ Հենց նա էլ կորոշի՝ ով պետք է լինի վարչապետի պաշտոնում։ Հայության, Հայաստանի Հանրապետության, հայկական Արցախ պետության շահերից է բխում, որ հենց  Սերժ Սարգսյանը ստանձնի վարչապետի պաշտոնում պատասխանատվությունը։

- Պարո՛ն գեներալ, Երկրապահն ի՞նչ վերաբերմունք ունի առաջիկա 1-2 ամսում խորհրդարանական համակարգին անցման փոփոխությունների առումով: Կո՞ղմ եք, որ փաստացի պատերազմող մեր երկիրը անցնի կառավարման խորհրդարանական համակարգի։

- Էն, որ նախագահական էր՝ ասում էին՝ ժողովրդավարական չի, ամբողջը մի մարդու ձեռքում է կենտրոնացված։ Եթե նպատակը քննադատելն է, միշտ էլ ասել –խոսելու թեմա կունենան։ Բայց ես գտնում եմ, որ նույն արտաքին քաղաքականության մեջ ճկունություն ցույց տալու համար շատ լավ է, որ շատ պատասխանատուներ լինեն, երբ կան ազդեցիկ համակարգեր, ազդեցիկ լիդերներ։ Ես գտնում եմ, որ  նախագահական կառավարման դեպքում աշխարհի մեծամեծների համար հեշտ կլինի մեր երկրին կամք թելադրելը ու ես հիմա չեմ խոսում կոնկրետ ղեկավարի մասին։ Մեկը կարո՞ղ է Սերժ Սարգսյանի նման պինդ ու ազգային շահերի դիրքերում ամուր կանգնած լինել։ Դե, Սերժ Սարգսյանը փորձ ունի, անցել է ամեն ինչի միջով և կարող է ճիշտ գնահատել ազգային ու պետական շահը: Բայց, պատկերացրեք, ենթադրենք՝ կարող է հանկարծ տվյալ պաշտոնում լինի մի մարդ, ում շատ հեշտ ճնշեն ու պարտադրեն, որ Հայաստանի դեմ գործարքի գնա։ Նոր կոնստիտուցիայով՝ մեկ հոգու հետ լեզու գտնելով «դրսերը» չեն կարող մեզ բաներ պարտադրել։ Ու այդ մեկի համար էլ հեշտ կլինի ասել՝ թե բա այս, այս ու այն հաստատությունների հետ էլ պետք է լեզու գտնեք։ Նորից եմ ասում՝ նոր համակարգով խորհրդարանը շատ ուժեղ լիազորություններ կունենա։ Իսկ պառլամենտը մեկ հոգի չէ, այլ՝ 105։ Ու Ազգային Ժողովի նախագահն էլ շատ  ուժեղ ֆիգուր է դառնում։ Շատ էական լիազորություններ է ունենում վարչապետը։ Հանրապետության նախագահն էլ չի վերածվում, ոնց ասում են՝ անգլիական թագուհու, ինչպես շատերը ձգտում են ներկայացնել։ Նախագահը պահպանելու է շատ լուրջ լիազորություններ։ Էն, որ տարիներ շարունակ ասում են, որ գործելու է հակակշիռների և զսպումների մեխանիզմը:

- Պարո՛ն գեներալ, տեղյակ ենք, որ պատրաստվում եք Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա տոնակատարություններին։ Մի տեսակ չի՞ սրբացվում Վազգեն Սարգսյանը Ձեր կողմից։ Արժե՞ ամեն տարի այդքան ճոխությամբ նշել այդ օրը։

- Նախ՝ Վազգեն Սարգսյանը հարյուրհազարավոր տղաների մարմնացումն է, նրանց հավաքական կերպարը: Նա ներկայացնում է մեր նահատակ ընկերներին, այսօրվա զինվորականներին, երիտասարդ երկրապահների շարքերը համալրած և այսօր բանակ զորակոչվող մեր պատանի երկրապահներին: Մենք պարզապես Վազգենին ըստ արժանվույն ենք գնահատում։ Վազգեն Սարգսյանը ամբողջ հայոց պատմության ամենաերևելի գործիչներից է, ամենալուսավոր դեմքերից։ Նա այն անձն էր, որ վերջ դրեց մեր դարավոր պարտություններին  ու կեղծ բարոյական հաղթանակների էս շղթային: Նա այն մարդն է, ում շնորհիվ և  նախաձեռնությամբ մենք հայրենիք ազատագրեցինք, վերջապես ոչ թե տարածք զիջեցինք, այլ՝ ընդլայնեցինք մեր հայրենիքի սահմանները։ Այս օրերին տոնում ենք նաև Արցախյան շարժման 30-ամյակը: Շնորհավորում եմ բոլորիս այս հոբելյանի կապակցությամբ էլ: Ու հենց Վազգեն Սարգսյանն առաջիններից մեկը հասկացավ, որ շարժումը պետք է դառնա ազգային-ազատագրական, որ պետք է  անցնեինք ինքնապաշտպանական պայքարի: Սպարապետը հայոց բանակի հիմնադիրն ու պաշտպանության առաջին նախարարն է։ Սպարապետը Երկրապահի հիմնադիրն ու հավերժ նախագահն է։ Մեր երկրի ամենակայացած կառույցները հենց նրանք են, որոնք հիմնել է Վազգեն Սպարապետը։ Ինձ համար հպարտություն է, որ Վազգեն Սարգսյանի զինակիցն ու մտերիմ ընկերն եմ եղել։ Նրա հետ լուրջ ճանապարհ եմ անցել, նաև՝ տեսել եմ, թե հզոր պետությունների պաշտպանության նախարարները, ղեկավարները նրան ինչ հարգանք-պատկառանքով էին նրան վերաբերվում։ Իմ որոշմամբ՝ Սպարապետի ծննդյան օրը հայտարարված է պատանի երկրապահների երդման օր։ Արդեն 11-րդ անգամ պատանի երկրապահների երդումն այդ օրն է կայանալու։ Այսինքն՝ մարտի 5-ը կրկնակի տոնական է։

-Հանրության վերաբերմունքն այդ կառույցին ինչպիսի՞ն է։

- Անընդհատ հոսք կա դեպի «Պատանի երկրապահը»։ Այսօր արդեն կառույցում կա մոտ 28 000 տղա և աղջիկ։ Այստեղ նրանք հայրենասիրական կրթություն, դաստիարակություն են ստանում, սովորում են պաշտպանել սրբությունները՝ Աստծուն, ծնողին, հայրենիքը։ Պատանի երկրապահների համար վերևում Աստված է, ներքևում՝ մայրը, առջևում՝ հայոց անկախ պետականությունը։ Գործընկեր կառույցների հետ պատանի, երիտասարդ երկրապահների համար դասընթացներ ենք կազմակերպում, ուսուցանում ենք կրակային, շարային, առաջին բուժօգնություն ցույց տալու, արտակարգ իրավիճակներում ճիշտ  կողմնորոշվելու իմացություն։ Հոգևոր բաց  դասեր ենք կազմակերպում,պատմության, հայրենաճանաչության: Ամռանը ուսումնական դասընթացներն անցնում են եռասերունդ Երկրապահի ճամբարում՝ սովորում են, հանգստանում։ Մեր պատանեկան, երիտասարդական կառույցներով անցած տղաներն ու աղջիկները դառնում են ՀՀ լիարժեք քաղաքացի, պիտանի մարդ ազգի, հայրենիքի, պետության և իրենց ընտանիքների համար։ Մեր տղաները հայոց բանակի օրինակելի զինվորներ, սպաներ են դառնում։ Ի դեպ, աղջիկներից շատերը թե՛ ճկունությամբ, թե՛ ֆիզպատրաստվածությամբ, թե՛ զենքին տիրապետելով չեն զիջում տղաներին և խնդրում են իրենց էլ հնարավորություն տրվի կամավորության սկզբունքով անցնել ծառայության։ Մենք պատմությունից գիտենք, որ նման պահանջարկ կա ու  որ պատմության մեջ միշտ էլ կամավորությունը շատ կարևոր  նշանակություն է ունեցել հայ ազգի համար, մենք հիմա հիմնավորում-հայեցակարգ ենք մշակում, որ բանակում ստեղծվեն աղջիկ կամավորականների առանձին ստորաբաժանումներ։ Իսկ հանրային վերաբերմունքը պատանի երկրապահներին միանշանակ դրական է։ Դրա ապացույցն է այն, որ հազարավոր ծնողներ իրենց երեխաների կրթությունը, դաստիարակությունը մեզ, մեր գործընկեր կառույցներին, պետականությանն են վստահում, գալիս, դիմում են, որպեսզի իրենց երեխաներին ընդգրկենք «Պատանի երկրապահ»-ում։

- Բանակի հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են. վերջերս լուրեր էին տարածվում, որ հակասություններ ունեք պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ։

- Ինքս ինձ հետ ինչպե՞ս հակասության մեջ լինեմ: Պարապ մարդկանց պարապ խոսակցություններ են։ Նախ` Վիգեն Սարգսյանը շատ հրաշալի կատարում է իր պարտականությունները, շատ հաճախ նախաձեռնողականություն է ցուցաբերում։ Վիգենի  բոլոր նախաձեռնություններին Երկրապահն աջակցություն է ցուցաբերել։ Եվ երկրորդ. ով էլ լինի պաշտպանության նախարարը, մենք բանակի հետ  համագործակցելու ենք, մենք ազգի զինվոր ենք և  Հայոց բանակի հիմնադիրը,  հենասյունը Երկրապահն է եղել։ Մենք մեր զավակին միշտ էլ հոգատարությամբ ենք վերաբերվելու։ Մենք երբեք մեզ բանակից չենք առանձնացնում։ Երկրապահը 1989-ից խրամատում է, առաջնագծում, Հայաստանի և Արցախի մարտական հենակետերում։ Ապրիլյան պատերազմին էլ հաշված ժամերի ընթացքում հասանք։ Եվ երկրապահներս անընդհատ էլ լինում ենք առաջնագծում։ Հազարավոր պատանի, երիտասարդ երկրապահներ զորակոչվում են բանակ: Տարեկան երեք անգամ կազմակերպվող ուխտագնացությունների ժամանակ առաջնագիծ ենք այցելում մեծ պատվիրակություններով, իսկ ողջ տարվա ընթացքում մեր տղերքը  լինում են Հայաստանի, Արցախի սահմանային զորամասերում, առաջնագծում։ Քաջալերում ենք հայ դիրքապահին, ինքներս էլ՝ նրանց օրինակից լիցքավորվում՝ տեսնելով, որ մեր սահմանի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, որ դիրքերում մեզանից էլ հզոր տղաներ են գիտակցաբար կանգնած։ Վերջում ասեմ,  որ ողջ հայ ազգին շնորհավորում եմ: Մարտի 5-ը աշխարհասփյուռ հայ ազգի տոնն է։ Շնորհավորանքներս Սպարապետին, նրա ընտանիքին, Գրետա մայրիկին, որ ԵԿՄ որոշմամբ հռչակված է Երկրապահի Մեծ մայր։ Շնորհավորանքներս հերոսներ ծնող հայ հերոսական մայրերին, մեր նահատակ ընկերներին, բանակին՝ շարքայինից գերագույն գլխավոր հրամանատար, երիտասարդ, պատանի երկրապահներին, իրենց ծնողներին, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությանը։