Ստամբուլում բացվել է բազմալեզու մամուլին նվիրված ցուցահանդես, որին ներկայացվել են նաև հայկական պարբերականներ

17:00 • 26.02.18

Ստամբուլում բացվել է «1990թ․-ից մինչև այսօր․ Ստամբուլի բազմալեզու մամուլը» խորագրով նոր ցուցահանդես, որին ներկայացվել են նաև հայկական պարբերականներ, գրում է diken.com.tr-ը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Ստամբուլի Բիլգի համալսարանի նախաձեռնությամբ, նախագծին աջակցել են Թուրքիայում Շվեդիայի դեսպանատունն ու թուրք հասարակական գործիչ Օսման Քավալայի հիմնած ու ղեկավարած «Անադոլու Քյուլթուր» մշակութային հիմնադրամը։

Ցուցահանդեսում իրենց տեղն են գտել 1908 թվականին հիմնադրված և Ստամբուլում հրատարակվող ամենահին թերթը համարվող հայկական «Ժամանակ» և վերջին տարիներին համշենահայ համայնքի կողմից ստեղծված «Գոռ» պարբերականների մի շարք համարներ: Ներկայացված են նաև քրդական, հունական, չերքեզական ամսագրեր ու թերթեր:

Ստամբուլի Բիլգի համալսարանի դասախոս Բյուլենթ Բիլմեզը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ այս ցուցահանդեսն առանցքային նշանակություն ունի Ստամբուլի այլալեզու մամուլը հանրությանը ներկայացնելու և ճանաչել տալու իմաստով։

Ստամբուլում բացվել է բազմալեզու մամուլին նվիրված ցուցահանդես, որին ներկայացվել են նաև հայկական պարբերականներ