Ռուսաստանում սկսվել են Արամ Խաչատրյանի մասին ֆիլմի նկարահանումները
Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում մեկնարկել են «Սուսերով պար» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Սա հանրահայտ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է: Այս մասին «Ռուսարմինֆո»-ին տված հարցազրույցում ասել է ֆիլմի պրոդյուսեր Տիգրան Մանասյանը:
Մանասյանի խոսքով՝ Յարոսլավլում նկարահանումներն ավարտելուց հետո նկարահանող խումբը կուղևորվի Հայաստան, որտեղ աշխատանքը կշարունակվի Երևանում, Դիլիջանում և Խոր Վիրապում:
Նշվում է, որ ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում 1942 թվականին, երբ Կիրովսկի (Մարիինյան) թատրոնը տարհանվել է Ուրալ, որտեղ Արամ Խաչատրյանն ավարտել է գրել «Գայանե» բալետը:
Գեղարվեստական ֆիլմի իրադարձությունները զարգանում են նաև Հայաստանում, որտեղ 1939 թվականին կոմպոզիտորը գրել է «Երջանկություն» բալետը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Սուսերով պար» ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը հայտնի կինոռեժիսոր Յուսուպ Ռազիկովն է, ֆիլմի արտադրողը՝ Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» կինոընկերությունը, իսկ հայկական կողմից պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը:










