2017-ի վատագույն ֆիլմ է ճանաչվել «Էմոջի ֆիլմ» անիմացիոն ժապավենը. ԱՄՆ-ում ամփոփվել են «Ոսկե մորի» հակամրցանակաբաշխության արդյունքները
ԱՄՆ-ում «Ոսկե մորի» հակամրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարել են իրենց հաղթողներին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, 2017-ի «Վատագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Էմոջի ֆիլմ» անիմացիոն ժապավենը:
Այս անվանակարգում առաջադրված են եղել նաև «Տրանսֆորմերներ. վերջին ասպետը», «50 երանգով ավելի մուգ», «Մումիա» և «Մալիբուի փրկարարները» ֆիլմերը:
«Էմոջի ֆիլմն» ընդգծվել է նաև վատագույն սցենարի համար, իսկ կինոնկարի ռեժիսոր Թոնի Լեոնդրիսը մրցանակ է ստացել վատագույն ռեժիսուրայի համար:
Վատագույն դերասան է ճանաչվել Թոմ Քրուզը «Մումիա» ֆիլմի համար: Վատագույն դերասանուհի են ճանաչել դերասան Թայլեր Պերիին, ով կնոջ դեր է մարմնավորել «Մեդեայի Հելլոուինը 2» ֆիլմում:
«Ոսկե մորու» դափնեկիրներն ամեն տարի պարգևատրվում են Օսկարի մրցանակաբաշխության նախօրեին: Նրանց ոսկեգույն ներկով պատված պլաստիկե մորի են հանձնում, որի արժեքը կազմում է մոտ 5 դոլար:
Մրցանակաբաշխությունը 1980-ին հիմնել է ամերիկացի հրապարակախոս Ջոն Ուիլսոնը: Անվանումն առաջացել է անգլերեն «մորի» բառի (raspberry) ժարգոնային նշանակությունից՝ «արհամարհանքի նշան»:










