Աշխարհի ամենահին «դաջվածքները» հայտնաբերվել են հնագույն եգիպտական մումիաների վրա
Աշխարհի հնագույն դաջվածքները հայտնաբերվել են երկու եգիպտական մումիայի վրա, որոնք 5000 տարվա պատմություն ունեն:
Ինչպես հաղորդում է CNN-ը, հայտնագործությունն ու ուսումնասիրությունները կատարել են մի խումբ գիտնականներ՝ Բրիտանական թանգարանի մասնագետ Դենիել Էնթոնիի ղեկավարությամբ:
Վայրի ցուլի և ոչխարի պատկերով դաջվածքներ են հայտնաբերվել արական սեռի մումիայի բազկի վրա, իսկ իգական սեռի մումիայի ուսին և բազուկին «S» սիմվոլի տեսքով դաջվածք է պատկերված եղել:
Հայտնագործությունը հաստատում է այն կարծիքը, որ դաջելու արվեստը Աֆրիկայում ավելի հին պատմություն ունի, քան ենթադրվում էր և հերքում է այն կարծիքը, որ միայն կանայք էին դաջվածքներ ստանում նախատոհմային Եգիպտոսում՝ նախքան փարավոնների առաջին տոհմի ձևավորումը մ.թ.ա. 3100 թվականներին:
Դենիել Էնթոնիի խոսքով՝ դաջված պատկերները բավականին արտասովոր են: Նա ենթադրում է, որ տղամարդու մարմնին ցլի դաջվածքը խոսում է նրա կարգավիճակի, հզորության և տղամարդկության մասին:










