89-ամյա Ջեյմս Այվորին դարձել է երբևէ «Օսկար»-ի արժանացած ամենատարեց մարդը
Ութսունիննամյա բրիտանացի Ջեյմս Այվորին դարձել է երբևէ «Օսկար» կինոմրցանակի արժանացած ամենատարեց մարդը, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ նա հաղթել է «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում:
Խոսքը «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմի մասին է, որը նկարահանվել է Անդրե Ասիմանի համանուն վեպի հիման վրա ու պատմում է միասեռական զույգի մասին:
Նշվում է, որ Այվորին լավագույն ադապտացված սցենարի համար արժանացել է նաև ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի, ԱՄՆ-ի կինոքննադատների միության և BAFTA մրցանակներին:
Հիշեցնենք, որ «Օսկար-2018» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ֆիլմ է ճանաչվել Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը»։ Մեքսիկացի Գիլյերմո դել Տորոն («Ջրի ձևը») ճանաչվել է լավագույն ռեժիսոր:
Մրցանակաբաշխության կարևորագույն անվանակարգերից մեկում հաղթել է «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորած Գարի Օլդմանը՝ ճանաչվելով լավագույն դերասան:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։










